ԱՄՆ–ի հարձակումը Վենեսուելայի վրա և Իրանում ներքաղաքական իրավիճակի լարվածությունը, բնականաբար, տարբեր հիմնախնդիրներ են, բայց այստեղ մեկ ընդհանուր գիծ կա, որը բնորոշ է ներկա աշխարհաքաղաքական իրողություններին. Դա այն է, որ մեծ հաշվով միջազգային իրավունքը չի գործում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
«Ցանկացած պետություն ըստ իր շահերի և իր հնարավորություններով կարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Եվ մենք այս իրավիճակը տեսնում ենք, առնվազն սկսած 2022 թվականից Ռուսաստանի հարձակմամբ Ուկրաինայի վրա։ Մենք ինքներս մեզ վրա ենք զգացել այդ խնդիրը՝ Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի աջակցությամբ։ Եվ իհարկե դրա վարօրինակներից էր Իսրայելի գործողությունները Գազայում, հետո Իսրայելի հարձակումը հարևան Լիբանանի վրա, Սիրիայի վրա, Իրանի դեմ 12-օրյա պատերազմը։
Այսինքն մեծ հաճախ չի աշխատում միջազգային իրավունքը և այն երկրները, որոնք ունեն ինչ-որ խնդիրներ լուծելու և նաև հնարավորություն է դրանք լուծելու, օգտվում են ստեղծված իրավիճակից և ըստ իրենց շահերի տանում են առաջ իրենց օրակարգերը։
Փաստացի Վենեսուեալայում տեղի ունեցավ արտաքին միջամտությամբ գործողություն, երբ երկրի փաստացի ղեկավարը հեռացվեց իշխանությունից, ձերբակալվեց այլ երկրի հատուկ նշանակության ուժերի կողմից, և փաստացի այդ երկիրը գլխատվեց։
Իրանի պարագայում մի փոքր այլ է, այստեղ ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակից ծագած խնդիրներ են, որոնք այս երկրում մեկ անգամ չէ, որ տեղի են ունենում։ Իշխանություններն էլ մեծ գործ ունեն, կանխելու նման զարգացումները»,–ասաց նա։
Արմեն Պետրոսյանը նկատեց, որ նախորդ տարի Իսրայել-Իրան պատերազմն ավարտվեց և հաջորդ փուլ չտեղափոխվեց զուտ այն պատճառով, որ Իրանի հասարակությունը բավականաչափ կուռ էր և կանգնած էր իշխանությունների կողքին. «Եթե պատերազմի ընթացքում լինեին բողոքի գործողություններ Իրանի իշխանությունների դեմ, վստահաբար, Իսրայելը՝ ԱՄՆ–ի աջակցությամբ փորձելու էին հասնել իրենց վերջնանպատակի, այսինքն վարչակարգի տապանմանը։ Հիմա բնականաբար արտաքին ուժերը մեծապես աշխատում են այս խնդրի վրա և վստահաբար փորձելու են ուղղորդել այն»,– ընդգծեց Նա;
հարցն՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ–ն կրկին պրոքսի ձևերով կամ էլ ուղիղ հարվածներ հասցնի Իրանին, փորձագետը պատասխանեց. «Իհարկե չի կարելի բացառել դա։
Բայց մի կարևոր տարբերություն կա Վենեսուելայի և Իրանի միջև։ Վենեսուելայում բավականաչափ ազդեցիկ ընդդիմության կա և իշխանափոխության պարագայում արտաքին աջակցությամբ գուցե թե հնարավոր լինի արագ ապահովել իշխանության անցումը, ինչը Իրանի պարագայում գրեթե անհնար է, որովհետև Իրանի ներսում մեծ հաշվով գործող համակարգից դուրս կայացած համակարգ չկա, որին հնարավոր կլինի փոխանցել իշխանությունը։ Հաշվի առնելով բնականաբար, թե Իրանի աշխարհագրական դիրքը և Իրանի բնակչության, հասարակության կառուցվածքը, թե էթնիկ, թե ազգային, թե կրոնական առումով, Իրանում շատ մեծ է քաոսային իրավիճակի հավանականությունը, եթե այդտեղ չլինի որոշակի վերահսկողություն։ Իսկ այդ վերահսկողությունը իմ գնահատմամբ այս պահին չկա»։











