Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի փոփոխությունը տնային կալանքով իշխանությունների կողմից արված քայլ է, որի նպատակը նրա առաջնորդած «Մեր ձեւով» շարժման աճող ռեյտինգի կառավարումն է՝ առաջիկա ընտրություններում վերարտադրվելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ յութուբյան իր էջում հրապարակած տեսանյութում։

Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի ձեւավորած քաղաքական միավորին՝ «Մեր ձեւով» շարժմանն արդեն ավելի քան 17 հազար կամավոր է միացել, հարցումները ցույց են տալիս, որ այն իր ռեյգինտով երկրորդն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժից հետո։ Դա Փաշինյանի համար, Մարուքյանի խոսքով, ցավալի իրողություն է, քանի որ այդ դեպքում դժվար է մարդկանց ասել, որ նախկինները վերադառնում են։ Նման սցենարով ընտրապայքարը այլ՝ Փաշինյանի համար անցանկալի տրամաբանություն է ստանում։  

Այդ պատճառով էլ, ըստ Մարուքյանի, Փաշինյանը փորձում է իր օգտին փոխել իրավիճակը եւ Սամվել Կարապետյանին վեց ամիս ԱԱԾ մեկուսարանում պահելուց հետո տնային կալանք տալը հենց այդ նպատակով է տեղի ունեցել։

«Իշխանությունները մտածում են՝ ի՞նչ անենք, որ այդ ռեյտինգը չաճի եւ աճող ռեյտինգը դարձնենք կառավարելի ռեյտինգ, այսինք պրոցեսը իրենք կառավարեն, ոչ թե ընդդիմությունը։ Այդ պատճառով որոշում է կայացվել, որ գրավի դիմաց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվի հենց Նոր տարվա նախաշեմին, որպեսզի իրենք կարողանան իրենց ֆեյք էջերով տարածել, ինչը արդեն անում են, թե ինչ մարդասեր է Հայաստանի առաջնորդը։ Փորձում են ժողովրդին քարոզել, որ, ժողովուրդ ջան, ձեր ընդդիմադիր առաջնորդը ոչ թե ԿԳԲ-ի բանտում տանջվում է ձեզ համար, այլ իրենց տանն է Նոր տարին նշում այս մարդասեր իշխանության շնորհիվ եւ շարունակում է իրենց տանը մնալ։ Այդ տունն էլ անդադար ցույց են տալիս հեռուստատեսությամբ, եւ նման ձեւով արշավ են տանում, որպեսզի աճող ռեյտինգը կանգնեցնեն, խաղը բերեն 2021 թվականի դաշտ, երբ պատկերը հետեւյալն էր՝ կային նախկինները, որոնք ուզում էին վերադառնալ, հեղափոխությունը ռեվերս անել, եւ կար Նիկոլը։ Մարդիկ գնացին եւ հեղափոխությունը լավ են արել, թե վատ են արել, դրա միջեւ քվեարկություն արին, որը կոչվում է բեւեռացված քվեարկություն»,– նշել է Էդմոն Մարուքյանը։

Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելուն զուգահեռ դատարանը որոշել է կիրառել նաեւ լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ կոչեր պարունակող հայտարարություններով: 

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ դատարանի այս որոշումը եւս թելադրված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ոչ պատահական։

«Դա նշանակում է, որ Սամվել Կարապետյանն այդ արգելքների տակ չի կարող իր ուղերձներով, հայտարարություններով դիմել իրենց միացած 17 հազար եւ ավելի կամավորներին, քաղաքական միավորներին, քաղաքական պրոցեսների դերակատարներին։ Այլ սահմանափակումներ նույնպես կան արտաքին աշխարհի շփումների հետ կապված. եթե նախկինում քրեակատարողական հիմնարկից նա կարող էր զանգել այլ երկրներում իր ընտանիքի անդամների հետ զրուցել, հիմա բացարձակապես նաեւ այդ հնարավորությունը չունի։ Բայց, այստեղ իշխանությունը ստանում է հնարավորություն տարածելու համար լուրեր, թե տեսեք, իրենք ինչ մարդասեր են։ Այս մեթոդներով նա փորձում է իր ճկուն ներքաղաքական մտքով պրոցեսը տանել իր կառավարման դաշտ, եւ տանում է իր կառավարման դաշտ։ Սամվել Կարապետյանի թիմը պետք է հետեւություններ անի, որովհետեւ կոնկրետ իրենց նկատմամբ արվել է ձիով քայլ, եւ այդ ձիով քայլը ունի հետեւանքներ։ Այդ հետեւանքները լինելու են կառավարել ընդդիմադիր դաշտում իրենց պատկերացումները եւ իրենց աճող ռեյտինգը»,– նշել է Մարուքյանը՝ միաժամանակ չբացառելով, որ ինչ-որ պահի Սամվել Կարապետյանի տնային կալանքը կարող է նորից փոխվել կալանքովեւ լուրեր տարածվեն, թե նա պայմանավորվածության է եկել Փաշինյանի հետ։  

Նման պայմանավորվածությունը Էդմոն Մարուքյանը բացառում է, ինչպես նաեւ այն վարկած, թե Սամվել Կարապետյանի կալանքի փոփոխության հարցում եղել է միջազգայն միջամտություն։

Մարուքյանը, միաժամանակ, նշել է, որ Սամվել Կարապետյանի օրինակը ազդակ պետք է լինի ընդդիմադիր դաշտի համար։

«Սա նախընտրական տարի է, այն, ինչ անում է իշխանությունը, իր ճկունությամբ, իր ինչ-որ տեղ խստությամբ, ինչ-որ տեղ լայնախոհություն դրսեւորելով, ամեն ինչ անում է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Իսկ ի՞նչ է արվում ընդիմադիր դաշտում, ի՞նչ են մտածում, հասկանում են արդյոք, թե ինչ է անում իշխանությունը։ Ես կարծում եմ, որ մենք բացարձակապես չունենք այդ առողջ միտքը ընդիմադիր դաշտում եւ դրա համար շատ կարեւոր է, որ կարողանանք իրողություններին ճիշտ գնահատականներ տալ, թե ինչ է անում իշխանությունը, ինչով է զբաղված իշխանությունը եւ հենց այդ պահին ինչով է զբաղված ընդիմությունը»,– ասել է նա։

Էդմոն Մարուքյանը նկատել է՝ մի կողմից Փաշինյանը որոշում է Սամվել Կարապետյանին ազատել ԱԱԾ մեկուսարանից, մյուս կողմից նվազեցնում է եկեղեցու դեմ իր պայքարը, քանի որ հասկանում է, որ այն իրեն վնաս է հասցնում։

«Այսօր կիրակի է, Նիկոլ Փաշինյանը պատարագի է Հովհաննավանքում եւ չի հայտարարել, իր հետեւորդներին կոչ չի արել գնալ Հովհաննավանք,  հանգիստ, սուսուփուս գնացել է։ Ժողովուրդ ջան, պետք է իշխանությանը լավ ճանաչել, պետք է իշխանության գործողությունները ճիշտ գնահատել։ Պետք է հասկանալ, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճկուն է գործում, մյուս կողմից ընդդիմությունը, ճկունություն չդրսեւորելով, գնալու է հերթական ջախջախմանը եւ պարտությանը»։

Այս պարագայում, Էդմոն Մարուքյանի համոզմամբ, ընտրություններին պետք է մասնակցել ընդդիմադիր մեկ միասնական բեւեռով։