Եկեղեցին ունի իր եկեղեցական ազգային ժողովը, որն ընտրում է Հայոց Հայրապետ, Ազգային ժողովը ընտրել է Հայոց Հայրապետ, մենք ունենք Հայոց Հայրապետ, Եկեղեցին ունի իր դարավոր կանոնները, որով կվարվի և կառաջնորդի իր վարչական գործերը։ Այս մասին այսօր՝ հունվարի 5–ին, Մայր Աթոռի բակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը, որից հետո Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և Փաշինյանը ստորագրեցին այդ հայտարարության տակ։

«Այդ  կանոններով Եկեղեցին պիտի շարունակի ծառայել իր ժողովրդին։ Իսկ երեկվա լուրերից ես տեղյակ չեմ»,–ասաց նա։

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ևս նշեց, որ տեղյակ չէ Փաշինյանի հայտարարությունից. «Չեմ տեսել, ես կնայեմ, նոր կհասկանամ՝ ինչ է»։

Հարցին՝ այսօր Մայր Աթոռում որեւէ ժողով նախատեսվա՞ծ է, նա պատասխանեց. «Չգիտեմ»։