Արագածոտնի թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է. Այսօր մեր թեմը Վեհափառի օրհնությամբ ունի վարչական խորհուրդ, Վեհափառ հայրապետն է կազմը հաստատել, որը ղեկավարում է թեմը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Շատ շուտով նա դուրս կգա, մենք բոլորով կգնանք, կդիմավորենք իրեն և ինքը իր գահին կստի։ Եկեղեցում գահերը թափուր չեն մնալու, Մկրտիչ Սրբազանը նստելու է այդ գահերին, ինքն է կազմակերպելու թեմի բոլոր հոգևոր, ծիսկական գործերը։ Թող ժողովուրդը չհուսահատվի, Արագածոտնի թեմը գլուխ ունի»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ այս տարի Թալինի ՔՊ–ական քաղաքապետ Տավրոս Սափեյանն է որոշել դառնալ Խաչի քավոր, քահանան ասաց. «Մենք թեմի հայտարարության մեջ հստակ գրել ենք, թե ով կարող է լինել խաչի քավոր։ Եկեղեցում Խաչի քավորը տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթ է։ Խաչի քավոր կարող է լինել այն անձը, ով ընդունում է եկեղեցու ավանդույթները, կարգուկանոնը, ով ընդունում է եկեղեցու նվիրապետությունը, այսինքն ընդունում է Ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը։ Իսկ այս մարդիկ չեն ընդունում Ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը՝ դիմելով իրեն ավազանի անունով։ Այդ պարզ պատճառով այդ մարդիկ չեն կարող լինել խաչի քավոր։ Եթե ուզում են լինել Խաչի քավոր, իրենք կարող են ներողություն խնդրել, դարձի գալ և մեծխ սիրով թող հոգ տանեն եկեղեցու մասին։
Երկրորդը, Խաչի քավորը այդ տարի իր վրա է վերցնում որոշակի հոգսեր, իր կարողությունների սահմաններում»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ առավոտյան Թալինի Սուրբ Աստվծածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել էին եկեղեցու մուտքը և թույլ չէին տալիս քահանային՝ Տեր Հայկ քահանա Սահակյանին, մուտք գործել եկեղեցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։
Պատարագին մասնակցելու է նաև Տավրոս Սափեյանը։ Այս պահին տարածքում նաեւ սադրիչներ կան։
Քիչ առաջ եկեղեցու տարածք եկավ նաեւ Տավրոս Սափեյանը։ Նա հայտարարեց՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել Տեր Թադեն։
Հիշեցնենք, որ Սափեյանը դեկտեմբերի 31–ի գիշերը խոչընդոտել էր պատարագի անցկացումը։











