Հունվարին տեղի կունենան քննարկումներ և ՀՅԴ-ն կհայտնի ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ իր որոշման մասին։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը»։
«Իմ անձնական կարծիքն այն է, որ անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա, քանի որ դա կարող է ապահովել և՛ հակակշիռ, և՛ հաղթանակ։ Համաձայն սոցիալական հարցումների՝ իշխանությունները չեն կարողանա հավաքել 50%+1 ձայն, քանի որ նրանց վարկանիշը նվազում է։ Ընդդիմության ներսում պետք է ձևավորվեն կոալիցիաներ, մեծ քաղաքական բևեռներ։ Նման հաջողված փորձ եղել է, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի» շրջանակներում։», - նշել է նա։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ցանկացած մեթոդ է կիրառելու՝ ձայներ հավաքելու համար, այդ թվում՝ վարչական ռեսուրսի համատարած օգտագործումը և ընդդիմախոսների վրա պիտակներ փակցնելը։
Դանիելյանը հավելել է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի անհաջող արշավը հարցեր է առաջացնում իր սեփական դաշնակիցների շրջանում և երեկվա գործողություններով նա փորձել է ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, միաժամանակ ընտրությունների նախաշեմին ապահովելով իր սեփական թիմի մոբիլիզացիան։
«Այս մարդը երեկ հերթական շոուն բեմադրեց։ Սա ճղճիմ մի հատ փորձ է․ դու ստիպում ես մարդկանց՝ վարչական ռեսուրսների չարաշահմամբ սպառնալով, որ աշխատանքից կազատես՝ մարդկանց տանես հոգևոր արարողության, որին ինքդ էլ չես հավատում։
Հերթական քրեական գործն է շալակել այս մարդը, Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տալիս է, որ պետությունը անջատ է եկեղեցուց և իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Իշխանափոխությունից հետո նաև այս հանցագործության հետ կապված ինքը պետք է պատասխան տա, որ որպես Հայաստանի վարչապետ՝ նա ստորագրել է 10 եպիսկոպոսների հայտարարությունը», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանը չի վայելում ժողովրդի աջակցությունը։
Նա կարծում է, որ իր գործողությունները նպատակաուղղված են նաև արտաքին օրակարգի սպասարկմանը՝ ի հաճույս այն արտաքին ուժերի, որոնք շահագրգռված են Հայ առաքելական եկեղեցու դերի նվազեցմամբ։
«Ընտրություններից առաջ այս կառույցը քանդելը իր համար էլ կարևոր նշանակություն ունի, այն կարևոր է ոչ թե ձայների առումով այլ ապատիա ստեղծելու, մեր հասարակության մեջ անելանելիության, անհուսության, հուսալքության ֆոն ստեղծելու համար։ Փաշինյանը ցանկանում է Հայ առաքելական եկեղեցին դարձնել ինչ-որ ՊՈԱԿ (Պետական ոչ առևտրային կազմակերպություն), էս մարդը ուզում է ստեղծի իր ՊՈԱԿ-ներից մեկը, իր հլու-հնազանդ ՔՊ-ականներից մեկին նշանակի տեղապահ», - եզրափակել է Դանիելյանը։











