Առաջին ալիքի ղեկավարությունը Վլադիմիր Պոզների «Պոզներ» հեղինակային ծրագրից, որը ցուցադրվել է Ռուսաստանի կենտրոնական մասում, հանել է հեռուստահաղորդավարի գրաքննության վերաբերյալ մտքերը, իր բլոգում հայտնում է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: 

Իր գրածին Նավալնին ավելացրել է «Պոզներ» հաղորդումից երկու տեսադրվագ, մեկն ուղիղ եթեր է հեռարձակվել Հեռավոր Արեւելքում, իսկ երկրորդը` երկրի կենտրոնական մասի համար նախատեսված տարբերակից: 

«Ես, իհարկե, կկանչեմ Ալեքսեյ Նավալնիին, բայց կարծում եք ինձ թույլ կտա՞ն» – հարցնում է Պոզներն իր զրուցակցուհուն` Հեռավոր Արեւելքում հեռարձակված հաղորդման տարբերակում, իսկ կենտրոնական մասում ցուցադրված տարբերակում այդ հարցն արդեն չկա:

 «Պոզներ» հաղորդման հյուրն է եղել հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, որը չի կարողացել պատասխանել Պոզների առաջին հարցին հեռուստատեսության գրաքննության մասին, ինչպես նաեւ անուշադրության է մատնել նրա կոնկրետացնող հարցն այն մասին, թե արդյոք միայն Առաջին ալիքի ղեկավարությունից է կախված այն որոշումը` ում կարող է Պոզները հրավիրել եթեր, իսկ ում` ոչ: Երկխոսության այս դրվագը Ռուսաստանի կենտրոնական մասում եթեր չի հեռարձակվել, գրում է gazeta.ru-ն:  

«Ես արդեն այդ դրվագի վրա խաչ էի քաշել, երբ այն ուղարկեցին», - պատասխանել է Կանդելակին Twitter-ում ընթերցողի այն հարցին, թե իր համար զզվելի չէ՞, երբ նրա պատասխանները կտրել են եթերից: 

Թինա Կանդելակին անցյալում բազմիցս աջակցություն է հայտնել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը եւ գործող կառավարությանը: Նույնիսկ նրա անսպասելի հայտնվելը Բոլոտնայա հրապարակում դեկտեմբերի 10-ին չի փոխել հանրության կարծիքը հաղորդավարուհու քաղաքական հայացքների վերաբերյալ: Կանդելակիի` Կրեմլի նկատմամբ չեզոքության օրինակներից մեկը դեկտեմբերի 24-ի հանրահավաքի նախապատրաստման ժամանակ ծագած սկանդալն էր: Այն ժամանակ նրա գործընկերներ Միխայիլ Շիցը եւ Տատյանա Լազարեւան, որոնք Բոլոտնայայի հանրահավաքի մասնակիցներից էին, Կանդելակիին մեղադրել են իրենց բողոքական գործունեության մասին ղեկավարությանը հայտնելու մեջ, հիշեցնում է NEWSru.com-ը: