Աշխարհը, որտեղ կա 194 պետություն, փոխվում է. գրքում, որը գրել եմ 2025–ին, կանխատեսում եմ, որ աշխարհը կբաժանվի 8 կամ 9 մասի, դրանք կունենան իրենց լիդերները, և իրենց շուրջը կհամախմբեն որոշակի քանակի երկրներ: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը։
«Ամենաուժեղը կլինի Հյուսիսային Ամերիկան, որը կգլխավորի Թրամփը, և որը կփորձի հաստատել իր վերահսկողությունը Գրենլանդիայի վրա։ Թրամփը դեռ ուզելու է Կանադան և կփորձի նաև ազդել Հարավային Ամերիկայի վրա, որը շատ անկազմակերպ է։ Մյուս բևեռը Եվրոպան է, սա բնութագրել եմ որպես ամենաթույլ բևեռ, որը երկար տարիներ կյանք չունի։ Այստեղ լիդեր չկա, փորձում է այդ լիդերը դառնալ Գերմանիան, բայց նա չունի բացահայտ առավելություն այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպիսիք են Իտալիան կամ Ֆրանսիան։ Այստեղ կրկին ԱՄՆ–ի ազդեցությունն է մեծ լինելու, դրա համար իրենք վաղ թե ոչ կվազեն Ամերիկայի մոտ։ Եվրոպայի ամենամեծ թուլությունն այն է, որ նա ունի տարածք 3.5 մլն քառակուսի կիլոմետր, ունի 450 միլիոն բնակչություն, բայց ռեսուրս չունի։ Դրա համար Եվրոպան շատ «քյալլա է տալիս» Ուկրաինայի համար։
Ուկրաինայի ռեսուրսները գնահատում էին 9,5 տրիլիոն, սակայն դրանց մի զգալի մասը արդեն զիջել են ռուսներին։ Մնացած մասով համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ ԱՄՆ–ն իր քիթը խոթում են ամենուր, Եվրոպա, Հարավային Ամերիկա և այլն։
Իրականում Միացյալ Նահանգներ-Եվրոպա հակասությունը ավելի մեծ է, քան թե Եվրոպա-Ռուսաստան հակասությունը։ ԱՄՆ–ի ամենաուժեղ հակառակորդը ավելի շատ Եվրոպան է, քան Ռուսաստանը կամ Չինաստանը։
Մյուս ռեգիոնը Ռուսաստանն է, որը կփորձի հետ բերել հետխորհրդային հանրապետությունների տարածքները, մասամբ գոնե, թեև տնտեսական ռեսուրս չունի։ Ուկրաինայի մի մասը նա հետ կբերի։ Ամեն մի երկիր, որը փորձում է պոկվել Ռուսաստանից, բացառությամբ Մերձբալթիկայի, ինչ-որ մի բան պիտի թողնի ռուսներին, նոր գնա։ Ասենք Մոլդովան կթողնի Մերձդնեստրը։ Սանդուն դրան համաձայն է։
Այստեղ, եթե ժողովուրդը ևս մի անգամ ընտրի Փաշինյանին, ապա պիտի հասկանա, որ մենք մեր երկրի առնվազն կեսը կթողնենք Ռուսաստանին։ Ռուսաստանը շահագրգռված չի լինի, որ այս երկիրը պահպանվի։ Դրա վկայությունն են Սալավյովի խոսքերը»,–ասաց նա։
Բագրատյանի խոսքով, այս պահին գոյություն ունի երկու միջազգային իրավունք.մեկը ուժեղների իրավունքն է, մյուսը թույլերի իրավունքն է։ Ադրբեջանի նախագահը դա հասկացել է, Հայաստանը չի հասկանում, Հայաստանը իրեն դնում է հիմարի տեղ, թե՝ վայ Սոլովյովը մեզ վիրավորեց։ Իսկ Ալիևը ձեզ չի վիրավորո՞ւմ, որ Սևանա լճի նկարով գինի է թողարկում, որ ասում է՝ ընդհանրապես Հայաստան չկա, սահմանները չեմ ճանաչում։ Բա ինչի՞ չեք բողոքում։ Իհարկե, Սոլովյովի ասածի մեջ տակտի պակաս կա, բայց կա օբյեկտիվ ճշմարտություն, որ դուք կամ մեր հետ եք, կամ ընդհանրապես չպիտի լինեք։ Եվ եթե մեզ հետ չեք, մենք շահագրված չենք լինի, որ դուք ընդհանրապես լինեք»։
Բագրատյանը նշեց, որ հաջորդ բևեռը Չինաստանն է, որին կից կա ևս մի քանի երկիր։ Չինաստանը իհարկե Վենեսուելայի ֆոնին հեշտությամբ հետ կբերի Թայվանը, դրանում չեմ կասկածում։ Չինաստանը կարծում եմ՝ կուժեղացնի իր ազդեցությունը Մոնղոլիայի վրա, ինչպես նաև Հնդկաչինի երկրների վրա, նաև Ֆիլիպինների վրա, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի։ Հյուսիսային Կորեան հնարավոր է ընտրություն կատարի Ռուսաստանի և Չինաստանի միջև։
Հաջորդ բևեռը Թուրանի աշխարհն է, որը Ամերիկայի և Եվրոպայի մերձավորագույն դաշնակիցն է։ Նրանք ուզում են, որ Ուկրաինայից հետո իրենք կռվեն Ռուսաստանի դեմ, պետք լինի Իրանի դեմ, պետք լինի Չինաստանի դեմ։
Անորոշ վիճակ է արաբական աշխարհում, ամեն ինչ արվում է, որ հանկարծ արաբական երկրներ չմիավորվեն։ Եթե Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվեն, որոնք լիդերության խնդիր ունեն, ապա ձևավորվում է արաբական հստակ աշխարհը, որը ի դեպ, Հայաստանին շատ օգուտ կլիներ»։











