ԱՄՆ–ն ոչ հողի, ոչ զենքով պատերազմ է մղում Եվրոպական միության եւ ՆԱՏՕ–ի դեմ։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրաառնալով Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

«Սա մեծ հարված է միջազգային հարաբերություններին, մեծ կոնֆլիկտ է, հակամարտություն կարելի է ասել։ Գրենլանդիան, մենք գիտենք, թարգմանությամբ կոչվում է «կանաչ երկիր»։ Այն ինքնակառավարվող տարածք է Դանիայի Թագավորության կազմում։  Թագավորության երեք բաղկացուցիչ տարածքներից ամենամեծն է որպես կղզի եւ աշխարհի ամենամեծ կղզին է ըստ էության։ Պետք է իմանանք նաեւ, որ Գրենլանդիան՝ որպես Դանիայի մաս, Եվրամիության մասն է։ Այսինքն պատկերացնենք, Միացյալ Նահանգները ուզում է Եվրամիությունից մի մասը պոկել, դարձնել Միացյալ Նահանգներ։ 
Ավելին՝ քանի որ Դանիան ՆԱՏՈ-ի, այսինքն անվտանգային աշխարհի ամենաուժեղ կառույցի, որի ե՜ւ հիմնադիր, ե՜ւ ամենահզոր ուժերից մեկը Միացյալ Նահանգներն է, ՆԱՏՈ-ի անդամ է Դանիան, հետեւաբար Դանիայից այդ տարածքը որ ուզում են վերցնել, նշանակում է, որ ՆԱՏՕ-ի պետությունները իրար հետ ունեն կոնֆլիկտ։

Եվ հիմա Թրամփը եւ Հանրապետականները պնդում են, որ դա Միացյալ Նահանգներին շատ պետք է անվտանգության համար, եւ ասում են․ «Եթե մենք չվերցնենք, Չինաստանն ու Ռուսաստանն են վերցնելու»։ Եվրոպացիները հարց են տալիս. «Բայց ո՞նց են Չինաստանն ու Ռուսաստանը վերցնելու, եթե ՆԱՏՕ-ի տարածք է, եւ մենք բոլորս պարտավոր ենք մեկս մյուսիս պաշտպանել ըստ ՆԱՏՕ-ի հիմնադիր փաստաթղթի հինգերորդ հոդվածի»։ Հարձակում մեկի վրա նշանակում է հարձակում մյուսների վրա։
Ֆրանսիան, Սկանդինավիան, Գերմանիան, մի շարք երկրկներ զորքեր են տեղակայել Գրենլանդիայում, որ իբր «ուզում ենք պաշտպանել Միացյալ Նահանգներից» ու բացեիբաց հայտարարում են, որ «մենք զորավարժություններ ենք իրականացնում այնտեղ»։ Դա ավելի է կատաղեցրել նախագահ Թրամփին, եւ ահա լուրը չուշացավ, եւ Թրամփը ինչ հայտարարեց հենց երեկ գիշեր, որ տասը տոկոս մաքսատուրք է սահամանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի եւ Նիդերլանդների նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան մինչեւ Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների կողմից ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը»,– ասել է Մարուքյանը։

Քաղաքական գործչի կարծիքով, Թրամփը այս գործելաոճը «սովորել է» Ռուսաստանից, երբ Ղրիմը կպցրեցին իրենց. «Բայց այդտեղ մի ֆունդամենտալ բան կա․ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, քաղաքակիրթ աշխարհի կանոնակարգը, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված կանոնները հիմա հիմնովին փոխվում են, փլուզվում ամեն ինչ։ Եվ ես չգիտեմ, թե այդ պրոցեսը ուր կհասնի։ Ու այս ամենի ֆոնին Հայաստանում՝ Չարենցավանում ամբողջ գիշեր մարդիկ ձյուն են մաքրել, որ Փաշինյանը գնա պատարագի»։