Աշխարհում այլևս որևէ օրենք, կարգ չի գործում, ով ինչ կարողանում է անում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ-ն ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այն ինչ մենք այսօր տեսնում ենք Վենեսուեալյի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված, Գազայի հետ կապված, մեր տարածաշրջանի հետ կապված։ Աշխարհի բոլոր ընթացակարգերի գլխիվայր շուռ գալ ա նշանակում։ Այս մթնոլորտում խոսել ինչ-որ արժեքների մասին, իսկ խաղաղությունը արժեք է։ Իրական և կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները։ Եվ դրանց բավարարման ուղղությամբ պետք է այդ գործընթացը տեղի ունենա։ Բայց մենք այստեղ ոչ մի օրինական մեր պահանջի մասին խոսել չենք կարող, օրենքների արձանագրման մասին խոսել նույնպես չենք կարող», - հայտարարել է Ռուստամյանը։

Նա կոչ է արել տեսնել, թե ինչ է զիջում հայկական կողմը. «Եվ այդ զիջումները նպաստում են մնացած բոլորի շահերի սպասարկմանը։ Այսպես կոչված զինադադարը, կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել։ Դա կբերի նոր բախումների։ Այսինքն այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ այն արժանի չէ լուրջ գնահատականի։ Իհարկե, իրան (Փաշինյանին – խմբ.) մեդալներ կտան, կպարգևներ, որովհետև ինչ ուզում են՝ մարդն անում է», - եզրափակել է պատգամավորը: