Անթույլատրելի է այն ոճը ու բառապաշարը, որով կառավարության ներկայացուցիչները պատասխանում են հարցերին, դուք շփոթել եք տեղը, սա ՔՊ ժողով չի, դուք առաջնային մանդատ ունեցողների հարցերին եք պատասխանում, բարի եղեք գործածել նորմալ բառապաշար, կատարել ձեր պարտականությունը, պատասխանել հարցերին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ապա նա հարցով դիմեց Արարատ Միրզոյանին. «Այն օրը, երբ դուք Մարկո Ռուբիոյի հետ կնքել եք TRIPP–ի փաստաթուղթը, նույն օրը ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը այցելել է Ադրբեջան ու ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել է ադրբեջանական ադրբեջանական կողմի հետ Ադրբեջանի պետական գործակալությունները ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ կապելու առնչվող հարցեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան Թրիփ ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ ունենալ։
Սա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք գործելու են, կառուցելու են, ինչ-որ դերակատարություն են ունենալու TRIPP–ում, կարող է 60% մասնաբաժին ունենան ադրբեջանական, թուրքական կամ այլ ընկերություններ։ Սրա մասին ի՞նչ կասեք: Ընդհանրապես այսպիսի որևէ ազդեցության մասին դուք մտածու՞մ եք, սա կանխարգելելու համար որևէ քայլ ձեռնարկու՞մ եք»։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ոնց հասկանում եմ, դուք չեք կարդացել TRIPP–ի թուղթը, դե երկար է՝ 8 էջ։ Ես հիմա մի երկու կտոր փորձեմ արագ գտնեմ, կարդամ։ Օրինակ. «Թրիփ զարգացման ընկերության հիմնում ենթավերնագրի ներքո գրված է, որ Թրիփ զարգացման ընկերությունը ԱՄՆ վերահսկիչ բաժնի մասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել Թրիփ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Հուսով եմ ձեր լսողությունը ֆիքսեց «սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողություն ձևակերպումը»։
Առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ, նվիրում, վաճառք և այլն, տեղի ունենալ չի կարող։
Կարող եմ բազմաթիվ տեղեր մեջբերել, որտեղ ասում եմ, որ Հայաստանի ինքնիշխան և իրավազոր իրավունքը, այսինչ հարցում, այնինչ հարցում անքննելի է, ասում է՝ չի կարող քննարկվել և դա բացարձակ է։ Հետևաբար ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ այդպիսի բան, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչ միայն Ադրբեջանի ընկերություն, այլ որևէ երկրի որևէ ընկերության հետ տեղի ունենալ չի կարող, բացառվում է։ Հետևաբար չարժի չեղած բաները այդքան փչել, ուռճացնել»։











