Ես կարծում եմ, որ անարդար էր նաև մեզ տրված պարգևավճարը. Այստեղ միտք է հնչում, թե՝ վերադարձնեիք։ Վերադարձնեինք, որ մի հատ էլ ձեր մեջ բաժանեի՞ք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Իսկ եթե իսկապես ուզում եք հասկանալ, որտեղ են գնացել այդ գումարները, ես առաջարկում եմ, եկեք գնանք, առանց կամերաների տանենք, ցույց տանք, թե որտեղ են գնացել այդ գումարները։
Հաջորդ բանը, որ ինձ համար ականջ ծակող էր, հետևյալ միտքն էր. Թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Բա դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե պարգևավճար ստանայիք, սա ուղղակի աբսուրդ է։ Հետո խոսք է գնում ծրարների մասին, եթե նախկինում դա արատավոր երևույթ էր, հիմա ինչու՞ եք դուք նույնը անում, ուղղակի պետական բյուջեից։ Խոսվում է Միքայել Մինասյանի մասին և այլն․ մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք, դա դուք եք։ Եթե ապացուցեք, որ ես կամ իմ գործընկերները տասը դրամ վերցրել ենք, ապա ես մանդատս վայր եմ դնում։
Հայաստանում ամեն հինգերորդը աղքատ է, մեր երկրում դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ։ Խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բայց գներն այնքան են աճել, որ մոտ 6000-7000 դրամով գնաճը ավել է, քան նվազագույն աշխատավարձը, էլ չեմ ասում 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարության ուղիղ դրսևորում է»,–ասաց նա։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ կարծում եմ դուք կարիք չունեք մեզ ցույց տալու, թե ինչ եք արել ձեր պարգևավճարները, ցույց տվեք ձեր ընտրողներին։ Երկրորդը, ես հստակ ասեցի, որ վերադարձված թալանի 0.000001% -ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա։ 2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը, մենք ասել ենք՝ զրո կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք զրո կոռուպցիային։ Այո, այս որոշման արդյունքում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ձգտելու է զրոյի։
Ինչ վերաբերվում է աղքատությանը մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը։ Պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը։ Սա ներդրում է այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ»։











