Պաշտպանության նախարարությունն արձագանքել է NEWS.am–ի հրապարակմանը՝ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ։
«Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։ Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։
Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության»։











