Ադրբեջանից երկաթուղիով Հայաստան ի՞նչ բեռներ է տեղափոխում, ռուսական հացահատիկ, ադրբեջանական բենզին, որը պարզ չէ՝ ադրբեջանական է, թե ռուսական։ Ռուսաստանը հայտարարում է, որ նաև մեր ջանքերի շնորհիվ է այդ ճանապարհը բացվել և մեր ապրանքներն են Հայաստան։ Հիմա ո՞ւմ ականջներն են երևում այս ամեն ինչում, այսինքն Ռուսաստանը այդ ամեն ինչում կա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ես կարծում եմ՝ Միացյալ Նահանգները սա առևտրի առարկա է սարքելու, Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար և Ռուսաստանը լինելու է «Թրիփ» նախագծի մյուս կողմը։ Իրենք ուղղակիորեն հայտարարում են, ասում են՝ առանց մեզ այդ ճանապարհը չի աշխատի։ Ռուսաստանը այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտին, և ԱՄՆ–ն ու Ռուսաստանը կպայմանավորվեն։ Այստեղ ինչ-որ մի բան կզիջեն, ինչ-որ մի տեղ ինչ-որ բան կշահեն, որովհետև աշխարհում հին սկզբունքներն այլևս չկան։ Բոլոր միջազգային կառույցները քանդվում են, արդեն ՄԱԿ–ն են քանդում, Խաղաղության խորհուրդ են ստեղծում, որտեղ ԱՄՆ–ի թույլտվությամբ պետք է լինեն բոլոր որոշումները։

ԱՄՆ–ի հասկանում է, որ ինքը միայնակ արդեն չի կարող ամբողջ աշխարհը վերահսկել։ Այստեղ հարցն այն է, թե իրար հետ մրցակցող կայսրություններից ով է առաջինը, ով է պայմաններ թելադրողը՝ իր շահերից ելնելով։ Հիմա Միացյալ Նահանգները արդեն գնում է դեպի կայսրության, պայման թելադրողը աշխատում է ինքը լինել։ Իմիջիայլոց, Միացյալ Նահանգների անվտանգության ռազմավարություններում միշտ էլ կարմիր թելով անցնում է, որ որևէ երկիր չի կարող ձեռնոց նետել ԱՄՆ–ին համար առաջինը լինելու հարցում, բնում պետք է խեղդել նման հնարավորությունները»,–ասաց նա։

Անդրադառնալով  Հայաստանին, Ստեփան Դանիելյանն ասաց. «Մենք կարող ենք խաղաղության մեջ լինել, եթե Հարավային Կովկասը լինի ուժեղ երկրների արանքում հավասարակշռություն ապահովող։ Եթե Հայաստանը ամբողջովին  թեքվի Արևմուտքի կողմը և լինի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի, մենք պատերազմի տարածք ենք։ Եթե ամբողջովին հակառակ ուղղությամբ գնա, էլի պատերազմի տարածք կարող է դառնալ, այսինքն միակ տարբերը բուֆերի դերը կատարելն է։ Հայաստանում գործող իշխանությունը ուժերի բալանսի խախտման գործընթաց է սկսել, որը կբերի պատերազմի։

Եթե դու գնում ես այն ուղղությամբ, որ ամբողջովին մտնում ես արևմտյան ազդեցության տակ՝ ի դեմս Թուրքիայի, դու դառնում ես պատերազմի օջախ։ Եթե դու կարողանում ես այդ ազդեցությունները հավասարակշռվել, դու կարող ես խաղալ ուժերի բալանսի դեր և այստեղ խաղաղություն բերել»,– հայտարարեց քաղաքապետը։