ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ դեպի Իրան է շարժվում եւս մեկ ամերիկյան «արմադա», եւ նա հուսով է, որ Թեհրանը գործարք կկնքի Վաշինգտոնի հետ։

«Հենց հիմա դեպի Իրան է շարժվում եւս մեկ ամերիկյան արմադա,- ասել է Թրամփը Այովայում ունեցած իր ելույթում։- Ես հուսով եմ, որ նրանք գործարք կկնքեն»։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր այն մասին, որ Իրանի կողքին է գտնվում ԱՄՆ «արմադան»։

«Մենք մեծ արմադա ունենք Իրանի կողքին։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի կողքին գտնվողը»,-ասել է Թրամփը այս շաբաթ Axios-ի հարցազրույցում։  

Նա միաժամանակ նշել է. «Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք քանիցս զանգահարել են։ Նրանք ցանկանում են խոսել»։

Այս շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ հարվածային խումբը՝ ԱՄՆ ՌԾՈւ «Աբրահամ Լինքոլն» ռազմանավի գլխավորությամբ, մտել է Մերձավոր Արեւելքի ջրավազան՝ չբացահայտելով իր գտնվելու ճիշտ վայրը։