Այն խոսույթը, թե խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության և ընդհանրապես բանականության առումով որևէ փորձության չի դիմանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

«Մենք բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, արտաքին ռազմաքաղաքական հզոր դաշինքներ, և ունենալով ուժեղ բանակ և ունենալով ռազմաքաղաքական դաշինքներ, մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք, եթե չունեցանք ուժեղ բանակ, մենք որևէ կերպ անվտանգ չենք կարող լինել։ Այսօր կարծես թե իրավունքը և ուժը իրար հետ մարտնչում են, և ուժեղը իր դիրքերից կարողանում է պարտադրի այն, ինչը մեկ կամ երկու տասնամյակ առաջ սովորաբար դիվանագետները փորձում էին դիվանագիտական խողովակներով կամ բանակցությունների միջոցով լուծել»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ 2026–ի բյուջեում պաշտպանական ծախսերը նվազել են, Դավիթ Անանյանն ասաց. «Ադրբեջանը այս տարվա բյուջեում ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ շուրջ 30%-ով ավելացրել է, իսկ մենք կրճատել ենք մոտավորապես 110 միլիարդ դրամով։ Երբ դու տեսնում ես, որ 110 միլիարդ կրճատելու ֆոնին, օրինակ, 3 միլիարդ պարգևավճար է վճարվում։ Օրինակ, Ազգային ժողովի 25 թվականի պետական բյուջեով խնայված միջոցները վերաուղղվում են պարգևավճարներ, իսկ այստեղ հանրության մոտ հարցեր են առաջացնում։

Այսինքն չկա որևէ խոսույթ, որը տրամաբանական է։ Եվ հետևաբար 110 միլիարդ դրամով ռազմական ծախսերը կրճատելը կարող է նաև ռեվերանսային բան լինի ուղղված Ադրբեջանին, ցուցադրելու համար մեր ոչ ռազմատենչությունը, այնինչ պետք է լիներ հակառակը։ Այնինչ պետք է 2020 թվականի նոյեմբերից հետո հստակ կերպով վերանայվեր 2021 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունները։

Եթե դուք տեսնեք 2021 թվականի, դրանից հետո 22-ի, 23–ի 24—ի պետական բյուջեները, կա որոշակի աճ ցուցանիշների, բայց տրամաբանական առումով դրա վերաձևակերպում չկա, որով հանրությունը կտեսներ, որ պատերազմից դասեր կա քաղած և պատերազմի արդյունքում կրած վնասները, այդ թվում ռազմաարդյունաբերական, պաշտպանական, դրանք վերականգնելու հստակ մտադրություն կա»,– ընդգծեց Անանյանը։