Արցախից վերադարձած մեր հայրենակիցները դեռ մշտական դիտարկման ընթացքի մեջ են, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նույն Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փառք Աստծո, բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Բոլորի առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք»,–ասաց նա։

Նախարարը չցանկացավ նշել, թե Արցախից վերջին 10 վերադարձածներից քանիսն են հիվանդանոցում. «Կարիքը չկա, որ մարդիկ բոլորը լինեն բուժհաստատություններում, ես ասում եմ, որ նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք և շարունակելու ենք իրականացնել, ըստ կարիքի։

Իրենք վիճակը բավարար է, նրանք առաջին հետազոտման փուլ են անցել, արդեն հաջորդիվ կարիքները կբավարարվեն»։