Արտաքին անվտանգության ոլորտում կարելի է դիտարկել երեք խումբ սպառնալիքներ՝ նոր աշխարհակարգի ձևավորում, հիբրիդային պատերազմ, ռազմատեխնոլոգիական։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, «Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Նոր աշխարհակարգի ձևավորումն իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ աշխարհակարգում և այս պարագայում փոքր պետությունները իսկապես լրջագույն խնդրի առաջ են կանգնում, պետք է կարողանան ճիշտ դաշնակիցներ ընտրել, ճիշտ գործողություններ իրականացնել։
Մեր պարագայում կարևոր խնդիր է դառնում գոնե ոտքի տակ չընկնել, որովհետեւ ունենք այնպիսի իշխանություններ, որոնք կարող են մեծ հաջողությամբ երկիրը հասցնել այն վիճակի, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում ընկնենք խոշոր պետությունների ոտքի տակ»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, հաջորդ ասպեկտը հիբրիդային սպառնալիքներն են, որոնց ծնող աղբյուներից մեկն այսօրվա իշխանություններն են։
«Երրորդ ասպեկտը ներքին անվտանգությանն է, այս դեպքում էլ մի շարք ասպեկտներ գոյություն ունեն՝ իրավական, կրթական, տնտեսական, վերջինիս տակ պետք է հասկանալ նաև սոցիալական արդարությունը։ Այսպիսի սոցիալական անարդարության մթնոլորտ, որ առկա է Հայաստանում, երևի թե շատ վաղուց չէինք տեսել։ Սոցիալական անարդարությունը ժողովրդի մոտ տարբեր ժամանակահատվածներում լուրջ դժգոհություններ է առաջացրել, իսկ հիմա ընդհանրապես այս առումով մենք ունենք լրջագույն խզում հասարակության տարբեր շերտերի միջև։
Երբ այս իշխանությունները 16.7 միլիարդ դրամ հատկացնում են պարգևավճարներին, այն պարագայում, երբ Հայաստանում կա 500 000-ից ավելի թոշակառու և նրանց միջին թոշակը կազմում է 49 000 դրամ, իսկ սպառողական զամբյուղը 82 000 դրամ է, այս պարագայում սոցիալական արդարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։
Դա էլ իր հերթին բերում է նաև հանրային մթնոլորտի ձևախեղման, որովհետև չի կարող թոշակառուն նորմալ վերաբերվել այն պետական պաշտոնյաներին, որոնք ստանում են այնքան պարգևավճար, որը նա կստանար իր թոշակի պարագայում 10 տարվա ընթացքում»,–ասաց Վարդանյանը։
«Ցանացած պետության անվտանգության հենասյուներից մեկը ժողովրդավարական կայուն ինստիտուտներն են։ Ինստիտուտը պետք է կայուն լինի, որպեսզի մարդը երաշխիքներ ունենա իր իրավունքների պաշտպանության առումով։
Ի՞նչ ունենք մենք։ Մեկ անձին ծառայող իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, ունենք դատական համակարգ, մեծամասամբ կատարում է նույն անձի ցանկությունները, ԲԴԽ, որը էլի մեկ անձի կամակատարն է, դատական համակարգի համար երաշխիքներ ստեծելու փոխարեն դարձել է մահակ դատավորների համար։ Ունենք Սահմանադրական դատարան, որից սահմանադրական որոշում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Էլինար Վարդանյանը։











