Մենք շատ հաճախ ֆիքսվում ենք դատական համակարգի վրա, որովհետև առանձին դատավորներ են առանձնանում և մենք գիտենք նրանց դեմքերով, մենք գիտենք նրանց կայացրած որոշումները, բայց մեր տեսադաշտից դուրս են մնում այն քննիչները և դատախազները, որոնց ձեռքով քրեական գործերը հայտնվում են դատարաններում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, «Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ընդ որում խոսքը վերաբերում է քաղաքական հիմքերով, քաղաքական դրդապատճառներով քրեական գործերին, որոնց անմիջապես հետևում են կալանքները։ Մենք կարծում եմ, որ պետք է նաև իրավապահ համակարգի աշխատակիցներին, քննիչներին և դատախազներին հստակ ազդակներ ուղղենք, որ անկախ ամեն ինչից իրենց հակաիրավական և հակաօրինական որոշումների համար իրենք ևս պատասխանատվության ենթարկվելու են։
Շատ հաճախ իրենք այսպես շատ ավելի հանգիստ են, որովհետև չերևացող գործն են անում և այլն, և հիմնական պատասխանատվությունը մնում է դատարանի վրա, բայց իրենց հակաիրավական որոշումների համար իրենք նույնքան պատասխանատու են, որքան դատարանները։
Ինչ վերաբերում է դատարաններին, ապա մենք գիտենք հստակ կոնկրետ դատավորների անուններ, ու մակագրված գործերով արդեն կալանքը ենթադրելի է և այլ որոշում ակնկալել հնարավոր չէ։
Վերջին մի օրինակը բերեմ. Արշակ Սրբազանի գործով նշանակված էր կալանքի վերաբերյալ դատական նիստ, որտեղ հետաքրքիր մախինացիաներ եղան։ Հերթապահ դատարանը Շենգավիթի դատարանն էր, մեկ էլ պարզվում է, որ հերթապահությունների ցուցակը ընդհանրապես հանվել է, և Արշակ Սրբազանի գործը մակագրվում է Ավանի դատարանի մի դատավորի, որը հանրությանը հայտնի չէ որպես կալանք դակող դատավոր։ Նիստի օր, ժամ նշանակված է, հետո այդ դատավորի մոտից զանգահարում են, ասում են, որ նիստը չի կայանալու։ Ինչու՞, որովհետև պետք է ենթադրել, որ գործը մակագրվելու է Մասիս Մելքոնյանին, որպեսզի հերթական անգամ կալանքի ժամկետը երկարացվի։
Այսինքն, խնդիրը նաև այն է, որ նույնիսկ ջանքեր չենք գործադրում, ձևացնելու, որ Հայաստանում դատական համակարգը անկախ է մեկ մարդու կամքից։ Այնքան ակնհայտ ապօրինություններ և այնքան ակնհայտ խախտումներ են անում, որի արդյունքում նույնիսկ ակնկալել, որ կլինի որևէ օրինական որոշում, միամտություն է»,–ասաց ԱԺ պատգամավորը։
Նա նկատեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում գտնվում են չորս բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական, հանրային գործիչներ. «Մարդիկ այնտեղ հայտնվում են իրենց արտահայտությունների համար, որը քրեաիրավական հետևանք չպետք է առաջացնի։ Սա, ըստ էության, խոսում է այ իրավական անվտանգ, խախտված անվտանգության մասին»։
Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին, Էլինար Վարդանյանը նշեց. «ԲԴԽ–ն, ըստ էության, ձևավորվել է այս իշխանությունների կողմից, և, եթե պետք է դատավորները իրենց իրավունքների պաշտպան և դատական իշխանության անկախության երաշխիք դիտարկեին Բարձրագույն դատական խորհուրդը, ապա այդ մարմինը իրենց համար դարձել է մահակ, անկախ նրանից, որ իրենց մասով ԲԴԽ կայացրած որոշումների հետ կապված ՄԻԵԴ–ից արդեն գալիս են հստակ արձագանքներ և լավագույն դատավորները այս պահին իրավական պրոցեսների մեջ են ԲԴԽ–ի դեմ կամ հետ, այն պարագայում, երբ որ այդ խորհուրդը իրենց իրավունքների երաշխավորը պետք է լիներ»,–ասաց նա։











