Չինական Սինսյան քաղաքի հիվանդանոցում նորածինների քաշի ռեկորդակիր է ծնվել: Տղային, որի քաշը 7,04 կգ է, արդեն գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում:

Բժիշկները կեսարյան հատում են կատարել: Տղան եւ իր մայրը իրենց լավ են զգում: Ռեկորդակրին անվանել են Չոն Չուն: Երջանիկ ծնողները խոստովանել են, որ նման արդյունք չեն ակնկալել:

«Իհարկե, ես զգում էի, որ իմ մարմինը շատ է ծանրացել, բայց չէի սպասում, որ երեխան հինգ կիլոգրամից ավելի քաշ կունենա», – պատմել է մայրը:

Չինացի զույգն արդեն վեցամյա դուստր ունի: Նա ընդամենը չորս կգ քաշով է ծնվել:

2008-2010թթ. ընթացքում Չինաստանում արդեն երեք յոթկիլոգրամանոց երեխաներ են լույս աշխարհ եկել: Դա Չինաստանը հայտնի է դարձրել որպես աշխարհում ամենախոշոր նորածինների երկիր: Իսկ աշխարհում երբեւէ ծնված եւ արձանագրված ամենախոշոր երեխան 10,8 կգ քաշ է ունեցել: Նա ծնվել է 1879թ. Օհայոյում եւ շատ շուտով էլ մահացել, գրում է dni.ru-ն: