Շատ մտահոգիչ է, որ մարդիկ սոցցանցերով սուտ լուրեր են տարածում, զրպարտչական խոսքեր են ասում, վիրավորում են, նույնիսկ սեռական հայհոյանքներ են տալիս, որը քրեորեն պատժելի է, բայց առայժմ տեսնում ենք, որ այդ մարդիկ անպատիժ են մնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։
Դիտարկմանը, որ այդ մարդկանց մեջ իշխանության աջակիցներ էլ կան, նա ասաց. «Ինձ համար միևնույն է, ով ուզում է լինի, ովքեր վիրավորանք են հասցնում մարդու անձին, անձնական, սեռական հայհոյանքներ են տալիս, պետք է դրա դեմն առնվի։
Ես հարց տվեցի նախարարին, թե ի՞նչ կարելի է անել, ինքն ասաց, որ բարդ հարց է, իրանից կախված չի, նախարարություններից կախված չի, պետք է ինչ-որ օրենքներ սահմանվեն այդ վիրավորողներին, հայողներին պատժելու համար։ Իհարկե կան օրենքներ քրորեն պատժելի են, բայց ավելի պետք է խստացվի և դրա դեմն առնվի»։
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ հարիր բառապաշար է երբեմն օգտագործում, այդ թվում եկեղեցականների հասցեին, Կնյազ Հասանովն ասաց. «Եկեք էդ հարցերը ինձ մի տվեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եկեղեցին իրավունք չունի կառավարության հարցերին ներթափանցի, կառավարությունն էլ եկեղեցու գործերին չպիտի միջամտի։ Բայց որ եկեղեցին միջամտում է կառավարության ներքին հարցերին, սա արդեն ուրիշ խոսակցություն է։
Փաշինյանի հետ կապված ինձ հարցեր մի տվեք, Փաշինյանի բառապաշարը շատ լավն է, շատ նորմալ է, մարդկային է։ Դե մարդ է, եթե ինչ-որ չափից դուրս ես գալիս, կարող է նաև խոսքի սայթաքում լինի։ Խոսքը չի վերաբերում Փաշինյանին, այլ բոլոր մարդկանց։ Եթե դու մարդ ես, խոսում ես, մտածում ես քո մտածածի ձևով, կարող է բաներ ասես, որը քո դիմացինին դուր չգա»։











