Ես դիմում եմ ներկայացրել, իմ դիմումը ընդունել են, կմասնակցեմ ընտրություններին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հաջորդ խորհրդարանում էլի ինքն է առաջադրվելու ազգային փոքրամասնությունների քվոտայով։

«Ազգային փոքրամասնությունների համար կա Դոնթի բանաձև, այդ բանաձևով, եթե ուրիշ կուսակցությունների մեջ կան մեր ազգակիցներ և հետո դա կախված է ընտրություններից, տոկոսային հարաբերությունից և այլն։ Կարող է ես չընտրվեմ, ուրիշն ընտրվի, կամ հակառակը լինի, դա կտեսնենք։

Ես երեք գումարման Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, երեք նստաշրջաններն էլ բացումը ես եմ կատարել որպես ամենատարեց պատգամավոր։ Տեսնենք հաջորդ՝ իններորդ գումարման Ազգային ժողովում ինչպես կլինի, ես կընտրվեմ, թե չեմ ընտրվի, դա էլ թողնենք ապագային»,–ասաց նա։

Մնյազ Հասանովը հավելեց, որ չի հոգնել պատգամավորի աշխատանքից. «Ես միշտ եղել եմ հասարակական, քաղաքական աշխատանքի մեջ, այդ աշխատանքը սիրում եմ, սիրում եմ նաև իմ խմբակցությունը, կուզենամ, որ մեր թիմը ընտրություններում առաջ ընկնի։

Հիշեցմանը, որ ինքը նախկինում նաև ՀՀԿ խմբակցությունում է եղել (այժմ Հասանովը ՔՊ խմբակցությունից է–խմբ), նա ասաց. «Այո, ես  հանրապետականների հետ էլ եմ աշխատել։ Ինձ համար հանրապետականը նշանակություն չունի, մարդ են, պատգամավոր են, հայ ժողովրդի ներկայացուցիչներ, ինձ համար դա ավելի ճիշտ է։ Ես տարբերություն չեմ դնում, բոլորն էլ մարդ են»։

Հարցին՝ չի կիսո՞ւմ ՔՊ–ականների տեսակետը, որ նախկինները թալանչի էին, Հասանովն արձագանքեց. «Ես ոչ մեկին թալանչի չեմ համարում, որովհետև թալանի համար փաստեր կան, որոնք դատախազությունը, քննչական մարմինները քննում են։ Եթե մեկը թալան է արել, դրա համար պատասխան պիտի տա»։