300 000 աշխատատեղի ստեղծումը մեր հինգ տնտեսական քայլերից առաջինն է, որը Սամվել Կարապետյանը երաշխավորել է կատարելու առումով, 300000 աշխատատեղը ստեղծվելու է հինգ տարիների ընթացքում, բայց արդեն առաջին տարում մարդիկ կզգան առաջին քայլերի արդյունքները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մեր ձևով »շարժման անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։
«Իհարկե, իշխանությունների մոտ հակում կա, որ երբ մենք ինչ-որ մի բան ենք ասում, իրենք փորձում են անընդհատ նմանվել մեր ծրագրերին, ասել, որ մենք էլ ենք այդպես ուզում, փորձում են ասել, որ մենք էլ ենք արել դա, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանում այս պահին կա մոտ 22% աղքատություն։ Դա հաշվարկված է աղքատության միջին շեմով, եթե վերցնենք աղքատության վերին շեմը, ապա աղքատությունը մոտ 40% է։
Երբ իրենք ասում են, որ ստեղծել են մոտ 300000, իրականում մոտ 250000-ի մասին է խոսքը, ապա դա ստվերից դուրս եկած աշխատատեղեր են, ստվերից բերել են իրական դաշտ։ Իսկ ստեղծվում են ներդրումներով, տարբեր ձեռնարկություններ բացելով, տարբեր աշխատատեղեր ստեղծելով։
Հիմա եթե վերցնենք 1000 խոշոր հարկատուների ցանկը, առաջին թոփ 10–ում արտադրական ձեռնարկություններն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գրանդ տոբակոն» և ««Ինթերնեշնլ Մասիս տաբակ»–ը։ Երեքն էլ իրենց հետ ոչ մի կապ չունեն, դրանք շատ վաղուց գոյություն ունեցող ձեռնարկություններ են։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արտադրում է հումք և արտահանում է, օրինակ, Չինաստան, որտեղ որ մեր չինացի գործընկերները ստանում են վերջնական արդյունք։ Այնինչ մեր 300.000 աշխատատեղերի ստեղծման ծրագրով մենք նախատեսում ենք պղնձի վերամշակման գործարանի ստեղծում, որով մենք չենք հարստացնի այլ երկրներին, այլ ընդհանուր ավելացված արժեքը կմնա Հայաստանում։ Մեր հարստությունից, որը մենք ունենք պղնձի հանքերը Սյունիքի մարզում, այդ հանքերի արդյունքը կմնա Հայաստանում, կվերամշակվի և արդեն պատրաստի արտադրանքը կարտահանվի՝ իմիջիայլոց ասեմ շատ բարձր էկոլոգիական ստանդարտներին համապատասխանող գործարանի միջոցով»,–ասաց նա։
Անդրադառնալով հնչող քննադատությանը, թե եթե Սամվել Կարապետյանն ուզում էր գործարաններ կառուցել, ինչո՞ւ մինչև հիմա չի կառուցել, տնտեսագետն ասաց. «Դա շատ զավեշտալի քննադատություն է, որովհետև վերջին երևի 7-8 տարիների ընթացքում Հայաստանում կառուցված արտադրական միավորներից, երևի թե կեսից ավելին կառուցվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից, այդ թվում կաբելի գործարան, տրանսֆորմատորների գործարան, ամրանների գործարան։ Այնպես որ չի կարելի նման պնդում անել և այդ պնդումը բախվում է դառը իրականությանը նրանց մոտ։
Այո, մարզերում է հիմնական խնդիրը աշխատատեղերի մասով, որովհետև, երբ դուք գնաք մարզ, դուք բակերում կտեսնեք շատ առողջ և գործունյա տղամարդկանց, որոնք աշխատանք չունեն։ Դա շատ լուրջ խնդիր է և հոգեբանական առումով, առողջական առումով և ամենակարևորը իրենց ընտանիքին ապահովելու առումով։
Օրինակ, Շիրակի մարզում մենք ունենք մոտավորապես 43% աղքատություն։ Գյումրին և Շիրակի մարզը միշտ եղել են տեքստիլ արդյունաբերության կենտրոն։ Շիրակի մարզի մասով մենք կարող ենք ունենալ բազմաթիվ տեքստիլ արտադրություններ, որտեղ և կանայք, և տղամարդիկ կարող են ունենալ իրենց զբաղվածությունը։ Ամեն մարզի մասով ունենալու ենք տարբեր ծրագրեր և վերջնականապես պետք է լուծենք զբաղվածության խնդիրը»։
Հարցին՝ մարզերում նոր գործարաններ են կառուցվելո՞ւ, թե՞ հներն են վերանորոգվելու, Աշոտ Մարկոսյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ հին գործարաններից գրեթե ոչինչ չի մնացել բացի շենքերից։ Արտադրական հզորությունները հաստոցները և այլն արդեն գոյություն չունեն և եթե անգամ ունենային, դրանք չէին համապատասխանի ներկայիս պահանջներին։ Հետևաբար, մենք պետք է ստեղծենք նոր, ավելի ժամանակակից, ստանդարտներին համապատասխան արտադրություններ»։











