Մենք առևտուրը ոչ թե Ադրբեջանի հետ ենք անում, այլ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Քանի որ մենք ու Ադրբեջանն ենք սահմանակից, բնականաբար, առևտուրը տեղի է ունենում այն երկրների միջոցով, որոնց հետ այդ երկիրը սահմանակից է։ Առաջ չկար այդ հնարավորությունը հիմա կա։

Ինչ վերաբերում է բենզինին, եթե մեզ առաջարկում են որևէ ապրանք, որը ավելի էժան է և գին–որակ հարաբերակցությամբ մեզ ձեռնտու է,  դրա համար բիզնես որոշումն է գնել այնտեղից, որտեղից ձեռնտու է»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանից որևէ ապրանք չի գնում, Թունյանն ասաց, որ դա էլ կլինի. «Շուկան է թելադրում։ Եթե կլինեն ապրանքներ, որոնք այնտեղ պահանջարկ կունենան, իմ կարծիքով մենք շուտով կունենանք առաջին դեպքերը։ Կառավարությունը չի որոշում՝ ինչ ներմուծվի և ինչ արտահանվի։ Կա փոխադարձ հետաքրքրություն որոշակի ապրանքների գծով։ Երևնի 1-2 ամիսների ընթացքում կունենանք նաև հակառակ ուղղությամբ տեղաշարժ։ Փայլաթիթեղների մասին են խոսում, որ կարող է այնտեղ պահանջարկ լինել, կարող է սննդամթերքի որոշ տեսակների մասին խոսք գնալ։ Էկոնոմիկայի նախարարը վերջերս մի քանի կոնկրետ ապրանքախմբերի մասով նշել էր»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե Ադրբեջանը պրեմիում տեսակի բենզին չունի, ներմուծում է այլ երկրներից և այդ բենզինն է եկել Հայաստան, Թունյանը նշեց, որ 2025–ին Ադրբեջանում նավթավերամշակման գործարանը վերազինվել է և իրենք պրեմիում տեսակի բենզին բավականին մեծ ծավալով արտահանել են նաև Վրաստան։

Դիտարկմանը, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Ադրբեջանն այդքան բենզին չունի, որ Հայաստան արտահանի, Թունյանն ասաց, որ Հրանտ Բագրատյանին չի մեկնաբանում. «Ցանկություն չունեմ իրեն մեկնաբանեմ, թող հարց ուղարկի Ադրբեջանի համապատասխան մատակարարին ու հարցնի՝ եթե դուք էդքան բենզին չունեք, ո՞նց եք  Հայաստանին բենզին մատակարարել»։

Դիտրկմանը, որ գուցե չի կարող գիտելիքի առումով Բագրատյանի հետ մրցակցել, ԱԺ հանձնաժողովի նախագահը հեգնանքով ասց. «Իհարկե, չեմ կարող, որովհետեւ ես իմ գիտելիքներով, կենսափորձով ընհանրապես չեմ կարող հավակնել համեմատվել Հրանտ Բագրատյանի հետ»։