Մենք 2025 թվականի պետական բյուջեում պետական ծառայողների և պետական ապարատի պահպանման ծախսերի վրա, ի սկզբանե պլանավորվածից 6.5 միլիարդ դրամ պակաս գումար ենք նախատեսել, պարզապես գիլոտինային մեթոդով բոլորից 4% կրճատվել է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախրար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե չկա՞ սոցիլական անարդարություն, որ ցածր թոշակների ֆոնին պաշտոնյաները միլիոնավոր դրամի պարգևավճարներ են ստանում։

«Հետո տարվա վերջում դրա կեսից քիչ գումար վերադարձվել է ամբողջ պետական ապարատին և դրանք հազարավոր քաղաքացիներ են, հազարավոր պետական աշխատողներ են, որոնք կարևոր գործ են անում ամեն օր։ Դրանք միայն նախարարներ, փոխնախարարներ չեն, դրանք վարչության պետեր են, բաժնի պետեր են, գլխավոր մասնագետներ են, առաջատար մասնագետներ են, իրենց կատարված աշխատանքի դիմաց, որը նախապես դրված ցուցանիշների դիմաց գնահատվել է, այսինքն նախապես ասվել է, որ այս կիսամյակ այս բաները կանեք, գնահատվել է ըստ տոկոսի բաշխվել է։

Ես կարծում եմ, որ մրցունակ պետական ապարատ ունենալը շատ կարևոր է մեր բոլոր քաղաքացիների հոգսերը հոգալու համար, դա կլինի կենսաթոշակառուներ, այլ քաղաքացիների և նաև կենսաթոշակների բարձրացման համար, որը ուղղակիորեն կապված է մեր պետական բյուջեի մուտքերի հետ։

Լավագույն կադրերին պետական ապարատում պահելու այս քաղաքականությունը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք արդյունք ստանալ, որովհետև այլ պարագայում նրանք թողնում գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որտեղ աշխատավարձերը կրկնապատիկ ավելի են, քան պետական ապարատում»,–ասաց նա։