Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և շարժման մյուս մասնակիցների գործով հերթական դատական նիստը:
Նիստից առաջ ներկաները համատեղ աղոթք են բարձրացրել՝ չարից ազատվելու համար:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Գալստանյանը մեղադրվում է այն բանի համար, որ իր կողմից նախաձեռնված և ղեկավարված «Սրբազան պայքար» կոչվող շարժման մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով հասնել շարժման նպատակին՝ փոխել ՀՀ-ում իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով, նա, սկսած 2024 թվականի նոյեմբերից, ձեռնամուխ է եղել այն իրականացնելու Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով։
Այդ նպատակն իրականացնելու համար, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբատյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Տոպալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ, ձեռք են բերվել ահաբեկչական գործողություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծվել են այլ պայմաններ՝ այդպիսով կատարելով իշխանության յուրացման նախապատրաստություն։











