Մենք ազատ երկրում ենք ապրում, և իմ 40 տարեկան եղբայրը ինձանից թույլտվություն չպիտի հարցնի իր մտքերն արտահայտելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Քրիստնե Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ իր եղբայրը Facebook–ում գրառում էէր արել, որտեղ առաջարկել էր հիվանդանոցներից հանել աղոթատեղիները։

Հարցին՝ ինքը կիսո՞ւմ է եղբոր տեսակետն այս հարցում, նա պատասխանեց. «Մենք բոլորս իրար հետ ճեպազրույց ենք ունեցել, ես իմ վերաբերմունքը կրոնին, հավատքին և եկեղեցուն ասել եմ, ոչինչ չի փոխվել։

Ես շատ մարդկանց հետ կարող եմ շատ հարցերում անհամաձայն լինել, եթե դրանք քաղաքական գործիչներ են, ես կարող եմ նրանց հետ վիճաբանել, հակադարձել, իմ կարծիքն ասել։ Եթե դա վերաբերում է եղբորս, նա ազատ մարդ է, ոչ կուսակցական է, ոչ որևէ դիրք կամ ազդեցություն ունի քաղաքականության մեջ։ Ազատ մարդ է, կարծիք է ունեցել, արտահայտել է։

Ես ինքս չեմ կարծում, որ եթե մարդը նույնիսկ բժշկական հաստատությունում է որտեղ իր հարցերը լուծում են բժիշկները, մարդը, եթե ցանկանում է աղոթել ու դրա համար տեղ կա, կարող է աղոթել, իհարկե։

Ես իմ եղբորը սատարում եմ ամեն ինչում, բայց ոչ իր կարծիքները արտահայտելու հարցում, որովհետև մենք շատ տարբեր մարդիկ ենք։ Ինքը ուրիշ աշխարհայացք ունի, ուրիշ մտածելակերպ, ես ուրիշ մտածելակերպ, ինքը անհավատ մարդ է, աթեիստ է, ես հավատացյալ մարդ եմ։ Լրիվ օքեյ է, խնդիր չեմ տեսնում»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱԺ  ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը գրառում է արել, որտեղ նշել է. «Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները:

Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի:

Այս երևույթը նսեմացնում է բժշկի աշխատանքը եվ մասնագիտական կարողությունները:

Հ.Գ․ էդ նույնն ա, որ ՀԷՑ-ում աղոթատեղի բացենք, որ մարդիկ չհոսանքահարվեն՝ երկրորդ պլան մղելով անվտանգության կանոնները և դրանց խիստ պահպանումը»: