Երևանում 2025–ին բնակարանները թանկացել են, կադաստրի պետական կոմիտեի տարեկան տվյալով մոտ 4,7 տոկոսով։ Կթանկանան նաև առաջիկայում․ կանխատեսում են անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները։ 

«Գնալով շինարարությունը քչանում է, լինելու է դեֆիցիտ։ Իսկ բոլորս գիտենք՝ եթե մի բան դեֆիցիտ է, գինը բարձրանում է։ Այդ դեֆիցիտը մենք երկու տարի հետո կզգանք։ Երևանամերձ մարզերից էլ եկամտահարակը դուրս գա, հաստատ շուկայում դեֆիցիտ է լինելու, չեն կառուցելու շատ, և թանկ են վաճառելու»,– ասում է  «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը։

Բնակարանների գնի բարձրացմանը կնպաստեն նաև շինանյութի ու կառուցապատման ոլորտում թանկացումը։

«Ամեն ինչ թանկացավ, հիմա հնարավոր չէ էժան շինարարություն անել։ Ահագին ծախսեր են ավելացել կառուցապատողի վրա, որը ի վերջո դուրս է գալու գնորդից, բնակչից»,– ասում է Գոջաբաշյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ անշարժ գույքի շուկան կայուն վիճակում է։ Կանխատեսումները, թե գներն արհեստականորեն ուռճացված են, և մեծ անկում է սպասվում՝ այդպես էլ չարդարացան։

Նախորդ տարվա համեմատ այս տարի հունվարին բնակարանների առքուվաճառքի ավելի շատ գործարք է կատարել Calibri անշարժ գույքի գործակալությունը։

«Աննախադեպ ակտիվացում կար, եթե համեմատենք նախորդ տարիներին, վերջին երկու տարվա տվյալներով, և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև գործընկերների հետ շփվելով կարող ենք փաստել, որ և երկրորդային և նույնիսկ առաջնային շուկայում բավականին մեծ գնողունակության բարձրացում կա, գնային ուժգնության բարձրացում կա։ Շատ հաճախորդներ, գնորդներ ուղղակի մի պահ կանգ էին առել և սպասում էին, թե շուկայում ինչ է տեղի ունենալու, և դրա պատճառով որոշակի չսպառված պահանջարկ կար, կուտակված պահանջարկ կար, որը հավանաբար հիմա է տեղի ունենում, այսինքն մի հատվածը ուղղակի եկավ, հունվարին գնում կատարեց»,– ասում է Calibri անշարժ գույքի գործակալության հիմնադիր Ռուստամ Գրիգորյանը։

Բնակարան գնել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս չսպասել գնանկման։ Դա համարում են ժամանակի կորուստ, չի բացառվում նաև ֆինանսական միջոցների։