«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, որն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, խոսել է համալսարանական կրթության կարեւորության մասին։
«Այս մի քանի օրերին աշխարհի լավագույն համալսարաններից երկուսում էի ու պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ գալիս եմ, իսկապես զգացվում է համալսարանի ուժը, կրթության ուժը՝ երկրի զարգացման, պետության հզորացման հարցում։ Ինչո՞ւ են ամերիկյան համալսարաններն այդ առումով առանձնանում։
Ինքս ավարտել եմ Փենսիլվանիայի համալսարանը և ամբողջությամբ զգացել եմ նաև այդ ազդեցությունը։ Նախ՝ համալսարանը առաջնորդների դարբնոց է։ Այստեղ են ձևավորվում առաջնորդներ՝ երկրի առաջնորդներ, ղեկավարներ, որոնք ունակ են ընդունելու պետության ճակատագրի համար նշանակություն ունեցող որոշումներ, ապահովվում է սերունդների միջև կապը։ Համալսարաններն այն վայրերն են, որտեղ ձևավորվում է ժողովրդի մտքի, ազգի մտքի ուժը, պետության զարգացման ներուժը։ Համալսարանները նաև այնպիսի վայրեր են, որտեղ զարգանում է գիտելիքն ու նորարարությունը։ Սրանք նոր գաղափարներ են, որոնք ստուգվում են, հղկվում են, մինչև քաղաքականություն դառնալը, մինչև պրակտիկ կիրառություն ստանալը։
Այստեղ նաև շատ մեծ հիմքերի վրա է դրված վերլուծական կամ քննադատական մտածողության ձևավորումը՝ դեբատներ, անհամաձայնություն, տարբեր քննարկումներում ունակ լինել սեփական կարծիքը հիմնավորել, ճիշտ փաստարկներով իրական նշանակություն տալ գիտելիքին, և, որ շատ կարևոր է, ինչպես գիտելիքն ու կարողությունը համադրել, որովհետև միայն գիտելիքը բավարար չէ։ Բայց նաև համալսարաններն այստեղ կամուրջ են սերունդների միջև․ սա շատ կարևոր թեզ է, առաջիկայում ես հատկապես սրա մասին խոսելու եմ, որ մենք պետք է անպայման ապահովենք սերունդների միջև կամուրջը, սերունդների միջև պատասխանատվությունը․ մի սերունդը մյուսի հանդեպ պետք է ունենա պատասխանատվություն։
Շատ կարևոր նշանակություն ունի անկախ մտքի ձևավորումը, որը նույնպես տեղի է ունենում համալսարաններում, այսինքն՝ համալսարանական կրթությունը հենց պետք է նաև դրան միտված լինի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում համալսարանական կրթությունը, համալսարանները հենց ունենան այդ դերը, որ իսկապես լինեն ուժը երկրի զարգացման համար, և վստահ եմ, որ այս հզոր, զարգացած համալսարանական համակարգը նաև մենք կկարողանանք Հայաստանում ներդնել ու իսկապես հետ բերել այն երբեմնի հզոր ուժը մեր համալսարանների, որ մենք նաև մեր ժողովրդի հզոր պատմության մեջ ունեցել ենք»։











