Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի շարունակություն երկու բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին, Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:











