Հայաստանի իշխանությունները միշտ էլ դիվերսիֆիկացրել են իրենց սպառազինությունների ձեռքբերումները, իհարկե, իրենք պետք է ներդաշնակեցված լինեն, բայց այնպես չի, որ սպառազինություն գնել են միայն Ռուսաստանից, տարբեր երկրներից, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներից սպառազինություններ գնել են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ հայտարարվեց, որ Հայաստանն ԱՄՆ–ին 11 մլրդ դոլարի հետախուզական ԱԹՍ–ներ է գնել։

«Բայց այստեղ մյուս խնդիրը կա՝ վաճառել Հայաստանին դրոններ, իսկ ռազմական աջակցություն Ադրբեջանին, և այստեղ էլ տեսնենք ինչ զարգացումներ կունենա հանդիպումը Բաքվում։ Բայց չմոռանանք, մի դեպքում դու ունես վաճառք, մյուս դեպքում կարող է լինի ռազմական աջակցություն։ Ճիշտ է, իրենք դա ասում են Իրանի սահմանով պայմանավորված և այլն»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով, Միացյալ Նահանգները տարիներ ի վեր ռազմական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, որը առանց այդ էլ իր սեփական բյուջեից մեկ միլիարդ դոլարից ավել է ծախսում և իրենց ռազմարդյունաբերությունը մոտ մեկ միլիարդին է մոտենում. «Տեսնենք ինչ է լինում Բաքվում, և հետո կկարողանանք համեմատել»,–ասաց նա։