Ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելն է և տնտեսապես, և քաղաքականապես, Իրանին խեղճացնելն է, Իրանի  շուրջօղակը սեղմելն է և Միջին Ասիայի, Հայաստանի հանքանյութերը Ամերիկա հասցնելն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Եթե հիշում եք, Միջին Ասիայի հինգ երկրների ղեկավարները ԱՄՆ–ում էին և հենց այդ նույն խնդիրն էին՝ լուծում էներգետիկ, նավթագազային և հանքահումքային ռեսուրսները Միացյալ Նահանգներ տանելու մեր այս Թրիպի ճանապարհով։ Հայաստանը այնտեղ ոչինչ չի շահում, որովհետև խնդիրը թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացումն է։ Անգամ ոչ մեկը չի կարողանում ասել, որ Հայաստանն օգտվելու է այդ ճանապարհից: Քանի անգամ հարց եմ տվել՝ հայ ուղևորը կարո՞ղ է այդ երկաթուղուց օգտվել, մենք կարո՞ղ ենք վերանորոգել կամ մաս կազմել այն էլեկտրական ցանցերի, այն գազատարերի, այն նավթատարերի, որ մեր սուվերեն տարածքով անցնելու են։ Վերջին հաշվով հայերը բացարձակ չեն տեսնելու այդ մարդկանց, դա տրանզիտ է, միջանցք է և մեր տարածքով գնացող ճանապարհ է, որի հետ մենք կապ չունենք։

Տեսեք, թե Հայաստանի ինչքան սուվերեն տարածք է այս ծրագրի վրա գնալու, որի վրա մենք վերահսկողություն չենք ունենալու։ Բացի երկաթուղին, նաև գազային ու նավթային միջանցքներ են լինելու, որոնք յուրաքանչյուրը էլի 100 մետր լայնություն են ունենալու, նույնը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի մալուխները, նույնը մայրուղիները, այսինքն Հայաստանի հարավային մասը բավականին մեծ տարածքով տրվելու է այս կազմակերպությանը։ Մենք մեր սուվերեն տարածքը տալիս ենք ուրիշին օգտագործելու, որից օգտվելու իրավունքը մենք չունենք։ Դա լինելու է փակ, երևի ցանցապատ ճանապարհ, էս ծայրից մտնելու է, էն ծայրից դուրս է գալու»։

Արամ Մանուկյանի խոսքով, տարօրինակ է, որ Ռուսաստանը սրան չի արձագանքում, որի արդյունքում այս տարածաշրջանը ՀԱՊԿ-ի ազդեցության գոտուց անցնում է ադրբեջանական ազդեցության գոտի. «Այս ամենը գտնվելու է ադրբեջանական ազդեցության տակ, և Միացյալ Նահանգների։ Այստեղ շատ կարևոր դեր է խաղում Իսրայելը։ Այդ ծրագրերը գրվում են Իսրայելում, փոխանցվում են ԱՄՆ և իրականացվում են այս ռեգիոնում։ Քաղաքական կոմպոնենտ այս ամենի մեջ շատ ավելի գերիշխող է, քան տնտեսականը»,– ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը։