Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ, ենթադրվում է, 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո երբ է փակվելու ատոմակայանը, ինչ պայմաններով, մինչ այդ արդյոք նոր ատոմակայն ենք կառուցած լինելու, թե ոչ։

«Այսինքն եղավ 2036 և 2046. Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Մենք նոր ատոմային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, և մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք այդ մասին։ Սա ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշումը և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։

Իմիջիայլոց, մենք ունենք խնդիր միջուկային էներգետիկայի շուկան լավ և ճիշտ ուսումնասիրելու երկարաժամկետ։

Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի այս պահին հայտնի պաշարները 70 տարվա են։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո մեկ կիլովատ ժամ միջուկային էներգիան ի՞նչ կարող է արժենալ, որովհետև այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և ետ գնման հնարավորությունների հարց կա։ Իհարկե, հիմա նաև լրջորեն քննարկվում է և կա արդեն փորձ գտագործած միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործելու։ Իհարկե, կան շատ ավելի հեռանկարային տարբերակներ, քանի որ ուրանը կամ պլուտոնիումը մեծ ծավալներով չի օգտագործվում, կա նաև մեծ հավանականություն, որ ի վերջո կլինի տեխնոլոգիա դրանք բերելու տիեզերքից։

Այստեղ ամենակարևորը գինն է, թե ի՞նչ է արժանալու դա։ Արտոմակայան, որ կառուցվեց, պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի տակը, որպեսզի ներդրված գումարը վերադառնա։ Հիմա կան գործընկերներ, որ մեզ շտապեցնում են, ասում են՝ պետք է որոշում կայացնել։ Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետև եթե մենք ենթադրենք 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը 4-5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են և բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով մենք պետք է քննարկենք»,–ասաց Փաշինյանը։