Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին։
«Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտվել են բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Նույնիսկ այդ պայմանագիրը դեռ չի ստորագրվել, դեռ պետք է ստորագրվի և պետք է խորհրդարաններով անցնի։ Ընդամենը միանում են մի պայմանագրի, որը տալիս է այդ իրավունքը և այդ պայմանագիրը Միացյալ Նահանգները ստորագրել են 26 երկրի հետ։
Ես ուղղակի խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մտնել ԱՄՆ դեսպանատան կայքը և տեսնել սա ինչ է։ Ուղղակի քարոզչական մեծ աղմուկ է բարձրացվել մի հարցի վերաբերյալ, որը ավելի շատ ռուտինային է։ Այո, լավ է, որ ստորագրել ենք, մի լրացուցիչ պայմանագիր է, որի անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ներդրում։ Նաև խոստում չի նշանակում, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանում։ Ընդհանրապես ներդրման մասին խոսք չկա, ԱՄՆ փոխնախագահն ընդամենը առաջ էր մղում Միացյալ Նահանգների ատոմային տեխնոլոգիան ատոմակայան և լավ է անում։ Յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է փորձի իր երկրի տեխնոլոգիաները հնարավորինս առաջ մղել դրսի շուկաներում։
Ինքը իր գործը անում է, բայց դա չի նշանակում, որ մեր իշխանությունը պետք է այդ ամբողջը մանիպուլացնի, շուռ տա և փորձի հերթական անգամ ուղղակի խաբել մեր ժողովրդին»,–ասաց Քոչարյանը։
Նա նկատեց, որ ԱՄՆ–ն այդ ոլորտում բավական հետ է մնացել. «Միացյալ Նահանգների ատոմային էներգետիկան չափազանց թանկ է, և այսօր ոչ մի տեղ իրենք ատոմակայան չեն կառուցում, բացի ԱՄՆ–ից։ Հենց Միացյալ Նահանգներում այդպիսի պրոյեկտները սուբսիդավորվում են պետության կողմից, հակառակ դեպքում արտադրված էլեկտրոէներգիան մրցունակ չի։ Եվ պարզ է, որ ԱՄՆ–ն փորձում է այստեղ իրենց հետ մնացած լինելու հանգամանքը հաղթահարել՝ առաջ մղելով այդ պրոյեկտը տարբեր երկրների հետ։
Կա մի ցուցանիշ, որով գնահատվում է էֆեկտիվությունը այդպիսի պրոյեկտների, թե ինչ է արժենում մեկ կիլովատի ներդրված հզորությունը։ Այդ վերջին պրոյեկտը Միացյալ Նահանգներում 15000 դոլար էր, Չինաստանում այդ ցուցանիշը մոտ 2500 դոլար է, Ռուսաստանում նույն ցուցանիշը մոտ 3000 դոլար։ 5-7 անգամ էժան է։ Պարզ է, որ ոչ մեկը նման ծախսերի չի գնալու, որովհետև այդ ծախսը հետագայում պետք է նստի սակագների մեջ։
Բացի այդ, ԱՄՆ–ն չունի մոդուլային ատոմակայաններ։ Դեռ այդ ամենը լիցենզավորման պրոցեսի մեջ է։ Միայն Ռուսաստանն է, որ դրսում կառուցում է 5-6 ատոմակայան։
Նախագահի կից եղել է ատոմային (06:04) էներգիայի անվտանգության խորհուրդ, և այդ խորհուրդի մեջ ներգրավված են եղել աշխարհի լավագույն մասնագետները՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, և տարին մեկ անգամ ամբողջ օրը ես այդ մարդկանց հետ շփվում էի այդ նիստի ժամանակ, հատուկ մասնակցում էի, հասկանալու համար, թե ինչ պետք է անենք ատոմա կայանի անվտանգությունը երաշխավորելու համար»։
Անդրադառնալով 9 մլրդ դոլարի ներդրմանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Սա նշանակում է, որ այդ 9 միլիարդը պետք է ներառվի սակագների մեջ, այսինքն մեկ մարդու կտրվածքով 9 միլիարդ պետք է բաժանել երեք միլիոնի, դա կազմում է մեկ մարդու կտրվածքով 3000 դոլար, ընտանիքի հաշվարկով 12000 դոլար։ Եթե, ենթադրենք այդ ներդրումը պետք է արվի այդ ոլորտում և կապիտալի վերադարձը ապահովվի ութ տարվա ընթացքում, մոտավորապես կազմում է 1500 դոլար ամեն մարդու վրա, լրացուցիչ սակագնային բեռ»։
Նա ընդգծեց, որ սա բիզնես է, բարեգործություն չի. «Այդ ոգևորությունը, այդ թեման, երբ ծախում են մարդկանց, պետք է նաև ասեն, թե դա ի՞նչ է նստելու մեր ժողովրդի վրա։ Սա չի նշանակում, որ պետք չի կառուցել ատոմակայան, բայց սա նշանակում է, որ եթե դու հնարավորություն ունես կառուցել հինգ անգամ էժան և ստանալ նույն հզորությունը, նույն որակյալ էլեկտրաէներգիան և անվտանգ, դու մեր քաղաքացիների վրա այդ բեռը հինգ անգամ ավելի քիչ ես դնում։
Երբ լսում ես թե պաշտոնյաները ինչ են խոսում այդ թեմայի շուրջ, ուղղակի շշմում ես, ինչքանով չեն տիրապետում հարցին։ Նախարարն ասում է, որ մոդուլային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա ցերեկվա, գիշերվա ռեժիմները կարգավորել։ Եթե դուք մտածում եք, որ ատոմակայանը կարող է ցերեկվա և գիշերվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալ, ուրեմն դու պայթեցնելու ես ատոմակայանը, ուղղակի աբսուրդ է։ Հայաստանում այդ ռեժիմների կարգավորման դերը հիդրոն էր կատարում, օրինակ, Որոտանի ՀԷԿ–ը կամ Հրազդանի կասկադը։ Մարդիկ խոսում են մի թեմայի մասին, որից ոչինչ չեն հասկանում»։











