Հայաստանի ղեկին մի մարդ է, մի ուժ է, որը իսկապես Թուրքիայի և Ադրբեջանի համար նվեր է։ Այս մասին Արմավիրի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Այստեղ այնքան շատ են ապացույցները, որ իսկապես նույնիսկ չեմ էլ ուզում թվարկել։ Հիմա մենք պիտի խոսենք մեր անելիքներից, ես գիտեմ, որ շատերի մոտ պահանջը մեզնից, ընդդիմադիր ուժերից անելիքն է։ Բայց ցավոք մի վիճակ ունենք, որ այն, ինչը  ինչը այստեղ նստած շատերիս համար շատ պարզ է թվում, շատ տեղերում այս ամենի գիտակցումը մինչև վերջ դեռ չկա։

Մենք մեզ համարում ենք այն ուժը՝ մեր անցած ճանապարհով, մեր ունեցած հաջողություններով, որը կարող է այսօր մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներ լուծել։ Դա հիմնականում անվտանգությունն է, պաշտպանված Հայաստան ունենալն է ու խաղաղություն բերելն է։ Մենք, ի տարբերություն շատերի, այն ինչ խոսում ենք, ոչ միայն կարող ենք զուտ խոսք տալ, այլ նաև կարող ենք ցույց տալ մեր արած աշխատանքը։ Այստեղ իսկապես շատ ասելու բան կա, շատ արած կա։ Մենք նաև պետք է ունենանք ու ունենք այդ խիզախությունը ու համարձակությունը նաև ընդունելու նախկին սխալները, թե մեր սեփական, թե ուրիշների գործած սխալների վրա հետևություններ անել։

Ես գիտեմ, որ օրինակ, հատկապես մարզերում, գյուղերում, «նախկին բարքեր» կոչվածը կա, ինչ-որ իշխանիկների կամ կերպարների ամենաթողության զգացողություն ունենալն է, երբ ոտքերը մի քիչ գետնից կտրվում է ու սկսում են իրենց բաներ թույլ տալ, որը, ի վերջո, անդրադառնում է այդ ժամանակվա գործող իշխանության վրա, և որը սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով ինչ-որ լուծումներ չի ստացել։ Ես ուզում եմ հստակ իմանաք բոլորդ, որ այս ամեն ինչը հետագայում չի կարող լինել։ Սա պետք է պարզ լինի նաև բոլորի համար, որոնք ունեն ինչ-որ ակնկալիքներ»,–ասաց նա։

Անդրադառնալով տնտեսությանը, Լևոն Քոչարյանն ասաց. «Մենք այն ուժն ենք, որը կարող է ապահովել կայուն զարգացում տնտեսության մեջ, գյուղատնտեսության ոլորտում, և այսպես բոլոր ոլորտներում։ Մենք մեկ ամսվա մեջ հանդես կգանք մեր կոնկրետ ծրագրով, կոնկրետ առաջարկներով, և ես ուզում եմ, որ ամեն գյուղացի հասկանա՝ մեզ ընտրելով իր կյանքում ի՞նչ է փոխվելու։ Փորձելու ենք մաքսիմալ մատչելի, հասանելի ձևով, նաև ձեզ լսելով, հասկանալով խնդիրները, կոնկրետ լուծումներով հանդես գալ։

Հիմա, ժողովուրդ ջան, մենք պատրա՞ստ ենք իսկապես գնալ ու փորձել հաղթել այս ընտրություններում, թե՞ պիտի հերթական անգամ Ալիևն ու Էրդողանը արդեն երրորդ անգամ փորձեն իրենց թեկնածուին անցկացնել։ Իսկ եթե այս անգամ անեն, ի՞նչ է լինելու, կարո՞ղ է հաջորդ անգամ, արդեն ադրբեջանական ազգանունով ինչ-որ մեկը լինի։ Չպիտի թույլ տանք և ես իսկապես հավատում եմ, որ միասին, մենք կարող ենք, ու մենք մեր մասով ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան, իհարկե, ձեր օգնությամբ»,– իր խոսքն ամփոփեց նա։