Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքները:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են բազմադրվագ, մեծածավալ, հասարակական հնչեցություն ունեցող բազմաթիվ քրեական վարույթներ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն պարբերաբար հանդես է եկել հրապարակումներով, ինչպես նաև անդրադարձել են 2024 թվականի համեմատ գրանցված դրական ցուցանիշներին:
Քննչական կոմիտեի ստորաբաժանումների 2025 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման արդյունքում արձանագրվել է հետևյալը.
Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 74.893 հաղորդում (2024 թվականին՝ 69.415, աճել է 5.478-ով), որից 57.672-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննվել է 224.444 քրեական վարույթ (2024 թվականին՝ 207.132, աճել է 17.312-ով):
Առանց նախորդ տարիներին հաշվառված 128.279 և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 5.234 քրեական վարույթների՝ 2025 թվականի ընթացքում քննվել է 90.931 քրեական վարույթ (2024 թվականին՝ 85.341 քրեական վարույթ, աճել է 5.590-ով):
2025 թվականի ընթացքում քննված 90.931 քրեական վարույթից 41.761-ն ավարտվել է (2024 թվականին՝ 37.947, աճել է 3.814-ով), 260-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին (2024 թվականին՝ 297, նվազել է 37-ով), 7.221-ը` միացվել է (2024 թվականին՝ 6.815, աճել է 406-ով), 20.450-ը հաշվառվել է (2024 թվական՝ 18.144, աճել է 2.306-ով), 2-ով վերացվել է մաս անջատելու որոշումը (2024 թվականին՝ 8, նվազել է 6-ով), իսկ 21.237 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2025 թվականին՝ 22.130, նվազել է 893-ով): Փոխանցված քրեական վարույթներից 989-ով հարուցված է հանրային քրեական հետապնդում, որից 159-ը՝ ոչ մեծ, 308-ը՝ միջին ծանրության, 388-ը՝ ծանր և 134-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:
Այսպիսով, 90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը (2024 թվականին՝ 63.211, աճել են 6.483-ով):
Բարձր է եղել արդյունավետությունը հատկապես դատավարական ավարտներով, մասնավորապես` դատարան ուղարկված քրեական վարույթներով։
Ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ, դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով, իսկ անձանց քանակը` 2.728-ով):
Ընդհանուր արտադրողականությունը կազմել է 76.6% (2024 թվականին՝ 74.1%, աճել է 2.5%-ով): Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 90.931 վարույթի պայմաններում կազմել է 142 քրեական վարույթ, (2024 թվականին՝ 132, աճել է 10-ով):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր (2024 թվականին՝ 302, աճել է 442-ով):
2025 թվականի ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 47 մլրդ 159 մլն 552 հզր ՀՀ դրամը՝ (2024 թվականին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ, աճել է 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով): Բացի այդ, արգելանք է դրվել ընդհանուր 12 մլրդ 990 մլն 207 հզր ՀՀ դրամ արժողության գույքի և դրամական միջոցների վրա, որից միայն 11 մլրդ 696 մլն 13 հզր-ը՝ դրամական միջոցներ:
Զգալի աշխատանքներ են տարվել նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում նախատեսված 1.014 հաստիքից 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համալրված է 813-ը, թափուր հաստիքների քանակը՝ 201:
Հաշվետու ժամանակահատվածում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվել է 5 քննություն, որոնց մասնակցելու դիմում է ներկայացրել 496 անձ (2024 թվականին՝ 478): Արդարադատության ակադեմիան ավարտել է 79 անձ (2024 թվականին՝ 58 անձ): 01.01.2025թ.-ից մինչ օրս պաշտոնի նշանակվել է 137 անձ:
Նշանակումներ են կատարվել նաև բարձրագույն և գլխավոր պաշտոններում, որից բարձրագույն պաշտոնում՝ 18 (Քննչական կոմիտեի նախագահի 3 տեղակալ, 5 գլխավոր վարչության պետ, 10 գլխավոր վարչության պետի տեղակալ), գլխավոր պաշտոնում՝ 64 (գլխավոր վարչության` վարչության պետեր և պետերի տեղակալներ, մարզային վարչության և բաժնի պետեր և պետերի տեղակալներ:
2025 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 55 անձ (2024 թվականին՝ 144):
Մասնավորապես՝
• 16-ի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» (2024 թվականին՝ 30),
• 27-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» (2024 թվականին՝ 58),
• 10-ի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» (2024 թվականին՝ 51),
• 2-ի նկատմամբ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» (2024 թվականին՝ 0):
Չնայած հաշվետու ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը կտրուկ նվազել են, մեղմացել են նաև կիրառված տույժերի տեսակները, սակայն դրան զուգահեռ քննիչների կողմից կարգապահության անկում չի գրանցվել:
Ելույթների ավարտին զեկուցողներն անդրադարձել են առաջիկա անելիքներին, հանդես եկել առաջարկություններով, որոնք կնպաստեն հետագայում քրեական վարույթների քննության արդյունավետության բարձրացմանը:
Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը.
• ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը, Արման Ասլանյանը, Արսեն Այվազյանը և Արմեն Գևորգյանը պարգևատրվել են «Իրավակարգի և օրինականության ամրապնդման համար» մեդալով:
• ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունը:
• Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։
• Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Վեցերորդ կայազորային քննչական բաժինը։
• Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչությունը։
• «Տարվա քննիչ» է ճանաչվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սմբատ Սմբատյանը։
• «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գոռ Դավթյանը:
Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Խիզախության համար» մեդալով և հուշանվեր ժամացույցով:
Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ քննիչների երդման արարողությունը։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ամփոփելով 2025 թվականի աշխատանքները շեշտել է, որ ներկայացված վիճակագրական տվյալները պարզապես թվեր չեն, այլ տարվա ընթացքում կատարված ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք, որի շնորհիվ հնարավոր է եղել ոչ միայն կանխել անհիմն կերպով «պասիվացված» քրեական վարույթների շարունակական բնույթ կրող աճման գործընթացը, լուծել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների ընթացքը, այլև զգալիորեն ավելացնել քննիչների աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցանիշը՝ արտադրողականությունը։
Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ սահմանված առաջնահերթություններն իրականություն են դարձել և տարվա ընթացքում կատարված աշխատանքը տվել է իր արդյունքը, ինչի վկայությունն է այն, որ Քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր՝ 2025 թվականի ընթացքում գրանցվել է դատավարական ավարտների և գույքային վնասի վերականգնումների ամենաբարձր ցուցանիշը։











