Տարիներ շարունակ քննված բազմաթիվ վարույթներ հանգուցալուծվել են հենց 2025 թվականի ընթացքում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքների ամփոփման ժամանակ նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներին։
Արթուր Պողոսյանը խոսելով կադրային փոփոխություններից հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակակական բնույթ և յուրաքանչյուր ծառայող պետք է վստահ լինի, որ առաջին հերթին գնահատվելու է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարք լինելը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատասիրությունը, կարգապահությունը և պետությանը անվերապահորեն ծառայելու կամքը և միայն այդ հատկանիշների շնորհիվ է հնարավոր ապահովել մասնագիտական կարիերայի շարունակական աճ և առաջընթաց։
Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով քննիչների առջև դրված խնդիրների հետևողական լուծմանն ուղղված աշխատանքների պլանավորմանը՝ նշել է, որ նույնիսկ մեկ օրվա հապաղումը կարող է հանգեցնել ոչ միայն քրեական վարույթների շարունակական աճին, այլև վտանգի տակ դնել տուժողների խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացը, ինչպես նաև հանցանք կատարած անձի և առերևույթ հանցավոր իրադարձության ամբողջական բացահայտումը։
Նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և քրեական վարույթների ձգձգումները բացառելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահը նիստի ընթացքում տվել է հանձնարարականներ՝ սահմանելով դրանք կատարելու հստակ ժամկետներ:
Կոլեգիայի ավարտին Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողներին և աջակցող ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց կատարած ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ Քննչական կոմիտեն որպես ՀՀ-ում գործող ամենամեծ նախաքննական մարմին, ունի բավարար ներուժ և օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ՝ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ դրանց ծագումնաբանությունից:
Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ քննիչի պատվաբեր պաշտոնը ստանձնելու և երդման կապակցությամբ, հույս հայտնելով, որ մասնագիտական գործունեության ընթացքում վերջիններս հավատարիմ են մնալու երդմանը և անվերապահորեն առաջնորդվելու են հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու գիտակցումով:











