Ինձ չեն մերժել, շուրջ 280 թեկնածուներ են եղել, որոնց մեջ ես 203–րդն եմ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պտգամավոր Մարինա Ղազարյանը, ով ՔՊ համամասնական ցուցակում տեղ բաղեցնելու հավակնություն ունեցող 274 անձանցից քվեարկության րդյունքում զբաղեցրել է 203–րդ հորիզոնականը։

«Ճիշտ է,  շատ հեռու հորիզոնական եմ ընկել, բայց դա ժողովրդավարություն է, չես կարող ասել, թե ինչու եմ այդ տեղում, երևի պետք է վերլուծեմ իմ սխալները, ավելի շատ աշխատել եմ քաղաքացիների հետ, քան կուսակցության ներսում։ Գուցե իմ մոտեցումը պիտի փոխեմ։

Չեմ կարծում, թե  չեմ գնահատվել, դե հիմա այդպես է ստացվել։ Չեմ կարծում, որ պետք է սկսեմ մտածել՝ ինչու ինձ պատվիրակները չեն ընտրել, օրինակ, առաջին 100-ի մեջ։ Չգիտեմ, պիտի մտածեմ, բայց չեմ մեղադրում որևէ մեկին, երևի պետք է ուղղակի վերլուծել, որն է պատճառը»,–ասաց նա։

Հարցին՝ եթե հաջորդ խորհրդարանում չհայտնվի, ի՞նչ է անելու, Մարինա Ղազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ կշարունակեմ աշխատել, դեռ չեմ մտածել։ Ես բավականին ակտիվ մարդ եմ, չեմ կարող տանը նստել, մի բան կանեմ պետությանս համար։

Իհարկե, կմնամ կուսակցությունում։ Ես կուսակցության անդամ եմ դարձել 2016–ին, մենք այդ ժամանակ դեռ չէինք երազում, որ կարող է գանք իշխանության։ Երկու տարի աշխատել ենք որպես ընդդիմադիր կուսակցություն, հետո եկել ենք իշխանության։

Նշանակում է ինչ-որ մի բան պիտի փոխեմ ինքս իմ մեջ, պետք է համոզեմ, որ ես դեռ ուզում եմ շարունակել աշխատանքը։ Կուսակցությունս չեմ փոխի երբեք, ընդհակառակը, եթե հանկարծ զգամ, որ ինչ-որ ճանապարհ ինձ դուր չի գալիս, ես կփորձեմ այդ մասին խոսել»։

Հարցին՝ եթե իրեն առաջարկվի աշխատանք Սյունիքում, կընդունի՞, հաշվի առնելով, որ ինքը Սյունիքից է, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Կնդունեմ, ինչու՞ ոչ։ Այն, ինչ որ իմ պետության համար այդ պահին պետք լինի, անելու եմ՝ շարունակելով մնալ Փաշինյանի կողքին»։