Վաշինգտոնում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը:
Հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո ՀՀ վարչապետը զրույց է ունեցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ:
Փաշինյանը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները։
Նոր կազմակերպության կանոնադրությունը ստորագրվել է մեկ ամիս առաջ Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում։ Խորհրդին միացել են Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալբանիան, Ադրբեջանը, Արգենտինան, Բահրեյնը, Բելառուսը, Բուլղարիան, Հայաստանը Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կատարը, Մարոկկոն, Մոնղոլիան, , Պակիստանը, Պարագվայը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Ուզբեկստանը, ինչպես նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը։ Ավելի ուշ ցուցակին միացել են Վիետնամը, Եգիպտոսը, Կամբոջան, Քուվեյթը, Սալվադորը և Իսրայելը։
Մասնակցում են նաև Ինդոնեզիայի, Արգենտինայի, Հունգարիայի, Ղազախստանի, Պակիստանի, Ուզբեկստանի և Ալբանիայի առաջնորդները, ինչպես նաև Վիետնամի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իսրայելի, Մարոկկոյի և Բուլղարիայի ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարավային Կորեան, Եվրոպական հանձնաժողովը, Իտալիան, Կիպրոսը, Հունաստանը և Ռումինիան մասնակցում են որպես դիտորդներ։
Մի շարք եվրոպական երկրներ՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Սլովենիան, Շվեդիան և Ուկրաինան, հրաժարվել են միանալ նոր կառույցին։ Հունվարին Թրամփը հայտարարեց Կանադայի հրավերը հետ վերցնելու մասին։ Վատիկանը ևս հայտարարեց, որ չի ցանկանում միանալ նորաստեղծ կառույցին։
Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը, Խորվաթիան և Ռուսաստանը դեռևս որոշումներ չեն ընդունել։
Հանդիպման հիմնական թեման կլինի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո տեղի ունեցած պատերազմի ժամանակ ավերված Գազայի հատվածի վերականգնումը։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ վերականգնման համար մինչև 70-80 միլիարդ դոլար կպահանջվի։
Ֆինանսական օգնությունից զատ, հանդիպումը նախատեսում է հայտարարել տարածաշրջան «հազարավոր զորքերի» տեղակայման մասին՝ միջազգային կայունացման ուժերի և տեղական ոստիկանության մաս կազմելու համար՝ անվտանգությունը պահպանելու նպատակով։











