Չեմ կարող այդ հարցը այս պահին գնահատել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ միջազգային կառույցների գնահատականների Հայաստանում դատական իշխանությունը քաղաքականացված է։

Նա հայտարարեց, որ իրեն երբևէ վերևներից զանգ չի եղել.

«Առնվազն կարող եմ արձանագրել, որևիցե նման միջադեպ կամ երևույթ չի եղել։ Դատական համակարգը այս պահին լիարժեք անկախ եմ գնահատում»,–ասաց նա։

Դատավոր Կիրակոսյանը չցանկացավ տեսակետ արտահայտել Դատական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ, որը որոշ փորձագետներ գնահատել են որպես ՀԿ–ների կողմից մահակ դատական իշխանության գլխին։

Դիտարկմանը, որ գուցե վախենում է, որ տեսակետ արտահայտելուց հետո ԲԴԽ–ում իր հանդեպ վարույթ կհարուցեն, ինչպես հարուցեցին Դավիթ Հարությունյանի նկատմամբ, նա ասաց. «Վախի մթնոլորտ չկա, որևիցե վախ առնվազն ես չունեմ իմ որևէ գործունեության վերաբերյալ»։

Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։