Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այնուամենայնիվ մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում, ինչ-որ տեղեր ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ-որ տեղեր, այնուամենայնիվ, հարցեր առաջացել են»,–ասաց նա՝ ապա հետաքրքրվեց. «Բիտումի հետ կապված պատմությունը ի՞նչ էր վերջը»։
Ի պատասխան քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանն ասաց. «Մեզ մոտ դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցի վրա և այլ փոքր մասշտաբի կրկին դեպքեր ունենք, որոնք Facebook-ում չեն հայտնվել։ Դրանք մենք գրանցում ենք, այսինքն մեր պատասխանատու ինժեներները, որոնք այդտեղ են և գրանցել են»։
Ավինյանն արձագանքեց. «Ձեր պատասխանատու ինժեներները հասկացանք, Նոր Նորքի պատասխանատու ինժեներները ո՞ւր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում»։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը փորձեց արդարանալ. «Իրենք տեղում են եղել, ուղղակի երկու տեղով էին անցկացրել այդ օրը, Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցի վրա։ Այդ պահին «Կամազ»–ից դատարկել են, որ տեղափոխեն, նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել։ Տվյալ տեղում բիտումով ասֆալտ է արված և բերված է պատշաճ կարգի, նկարները կան։ Թոթովենց փողոցում ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները, վերևից թափելով գալիս էին, դրա համար։ Մինչև հասել են էդ հատվածը, նկարահանում տեղի է ունեցել»։
Ավինյանը հակադարձեց. «Ինձ թվում է նկարահանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք։ «Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրեն կարգի բերի։ Հրավիրել պետք չի, պետք է մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է, աշխատանքը, ով ոնց կարող է ինչ-որ մի բան պակաս անելու է, անպայմանորեն։ Ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Շինբարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Ասենք, օրը ցերեկով էդ ի՞նչ ա նշանակում, ասենք, մի մարդ չունե՞ք, գնա կողքները կանգնի, տեսնի՝ ինչ են անում։ Կամ լավ, ասենք, ո՞ր դարն ա էլի, բիտումի վրա երկու կոպեկ ավել փող աշխատե՞ն։ Վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրենք գիտակցո՞ւմ են դա»։
Նա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից հետաքրքրվեց, թե իրենց մոտ ոնց է վիճակը, ինչին հնչեց պատասխան. «Շաբաթ օրվանից արդեն սկսել ենք մեր բակային տարածքների փոսալցման աշխատանքները, այսօրվանից երկրորդ խումբն էլ է արդեն շինարարը ներգրավվում, շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարում։ Մենք էլ հետևել ենք պարոն Փամբուխչյանի հետ աշխատանքների մեկնարկին, նորմալ ընթանում է»։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ Աջափնյակում շինարարներից գոհ են։
Ավինյանն առաջարկեց որոշակի ինտենսիվությամբ փորձաքննություններ իրականացնեն, որ հասկանան արված աշխատանքի որակը. «Առաջին հայացքից հիմնական փողոցների վրա ոնց որ թե խնդիր շատ չենք ունենում, բայց այնուամենայնիվ նաև տարածված տեսանյութերով, այս մեկ-երկու դեպքով տարածվում է, որ ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում։ Այդ մեկ-երկու դեպքով է դա լինում, ինչ է թե ձեր մարդիկ այնտեղ կանգնած չեն լինում։ Ի՞նչ անենք, մի հատ ասեք իմանամ, կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում։ Երկու տեղով որ սկսել եք, եթե երկու տեղով էլ անորակ եք անելու, իմաստը ո՞րն է այդ փողը ծախսելու»։
Քաղաքապետը հանձնարարեց տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել և փորձաքննություն իրականացնել։
Հիշեցնենք, որ հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանն էր տեսանյութ նկարահանել, որտեղ երևում է, որ ասֆալտ են անում առանց բիտում լցնելու։











