ՔՊ–ական իշխանավորները բացարձակ ամեն սրբություն ոտնահարել են, եկեղեցու հանդեպ հարձակումը հավասար է յուրաքանչյուր հայի ինքնությունը, արժանապատվությունը, պատիվը, ի չիք դարձնելուն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24–ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում NEWS.am–ի հետ զրույցում նշեց հայ եկեղեցու հավատացյալ Զեմֆիրա Հովսեփյանը։

«Արժեքները, որոնք մեզ համար շատ կարևոր են, դա մեր հավատքն է, մեր ընտանիք ու հայրենիքը։ Այսօր իրենք այդ բոլորը ոտնահարեցին, ոչինչ չեն թողել։ Ես մենակ աղոթում եմ, որ շուտ ավարտվի այդ մղձավանջը, շուտ գա լուսաբացը, շուտ անձնի այս ավերիչ փոթորիկը, հոգեկործան, ազգակործան փոթորիկը»,–ասաց նա։

Նա պատմեց, որ դեկտեմբերի 18–ին ինքը Մայր աթոռում է եղել, երբ իշխանության կողմանկիցները փորձում էին մտնել Մայր տաճար. «Երբ դռանը հարվածեցին, իհարկե ես ներսում էի։ Մենք ներսում պատարագին էինք մասնակցում, դռները բաց էին։ Մեկ էլ զգացի, որ ալեկոծում է գնում, եկեղեցու տղամարդիկ բոլորը հայտնվեցին դռան առջև, վազեցի, ինձ ասեցին՝ կարող է քեզ հարված հասնի, այս կողմ արի։ Լսեցի, որ դուռը փակեցին ու քացով դռներին էին խփում ու հայհոյում։ Չգիտեմ՝ ովքեր էին, բայց դա աններելի է։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունի, բայց իրենց այդ արարքով ապացուցեցին, որ ոչ թե Վեհափառ Հայրապետի անձն է իրենց վնասում, այլ հենց ինքը՝ Հայ առաքելական եկեղեցին, որովհետև պատմությունը քրքրես, խոշորացույցով ման գաս, երբևէ որևիցե մեկը Մայր աթոռի դռանը նման կերպ չի մոտեցել։

Ես մինչև վերջ եմ Վեհափառ հայրապետի կողքին, եթե անգամ ոչ ոք չլինի։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, մկրտվել եմ, իսկ այդ մյուրոնը օծել է Վեհափառ հայրապետը։ Ես իմ որդիական պարտքն եմ համարում իմ ծնողի կողքին, իմ հայոց հայրապետի կողքին լինելը, այլ կերպ չի կարող լինել։ Հայոց Հայրապետը այսօր ապացուցեց, որ արժանի է նստելու այն գահին, որը մեզ ժառանգել են մեր հայրապետները։ Սա փորձություն է, որ պիտի անցնենք»,–ասաց նա։

Առավել մանրամասնը՝ տեսանյութում։