Հիմա Հայաստանի Հանրապետության միջազգային ընկալումներում ավելի ու ավելի տեսանելի է դառնում «Թումո» անունը իր ամբողջ ընդգրկմամբ։ Այդ մասին «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նախ «Թումո» կենտրոնին և շարունակեց. «Երկրորդը ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության մեր գործընկերներին այս կարևոր նախագծին աջակցելու համար։ Հաջորդը ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակին այս գեղեցիկ նախագիծը ստեղծելու համար, բայց շատ կարևոր է այդ նախագծի ստեղծման պատմությունը ներկայացնելու համար։

Փաստորեն վերջին վեց տարում մենք իրար հետ զուգահեռ ենք աշխատել,  որովհետև դուք այս շենքն եք նախագծեր, մենք այդ նույն պրոցեսը մտածել ենք Հայաստանի նախագծի վերաբերյալ և ամենատարբեր ձևերով և ամենատարբեր մոտեցումներ ենք ցուցաբերել։ Ինձ համար սա մտածողության տարբեր դիտանկյունների մասին է։

Մենք ընդհանրապես շատ ենք խոսում ապագայի մասին, վերջին վեց տարվա ընթացքում մենք շատ ենք մտածում ապագայի մասին, նաև այդ «ապագա» բառն ենք տարբեր ձևերով տեղադրել իրականության մեջ և հասկացել ենք, որ մենք մի մեծ խնդիր ունենք մեր իրականության մեջ. Դա մեր և ապագայի միջև առկա տարածությունն է, որը, սովորաբար, երբեք էլ չի հաղթահարվում։

Մենք հասկացանք, որ այդ տարածությունը հաղթահարելու համար, ապագան պետք է բերել տեղադրել այսօրվա մեջ, որովհետև եթե ապագան այսօրվա մեջ չի, ինքը գործնականում գոյություն չունի»,– հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ ապագան ինչ-որ հեռու մի տեղ չի, ապագան այսօր է. «Որովհետև այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա։ Երկրորդը, շատ է խոսվում երազանքի մասին ու երազանքը թերևս ամենաշատ գործածվող բառերից մեկն է։ Մեր և իմ եզրակացությունն այն է որ երազանքը, որի տակ աշխատանքային պլան չկա դրված, ինքը ընդհանրապես անիմաստ, անտեղի արտահայտություն է։

Այսօր հենց 2026 թվականին, Հայաստանում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում անկախ տարիքից։ Եվ ընդհակառակը, լավ կյանքը անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհ որպես չի որդեգրում կրթությունը։ Հետևաբար, կրթության ոլորտում ինչ որ մենք խոսում ենք, մենք խոսում ենք լավ կյանքի մասին։

Ես ուրախ եմ, որ մենք ունենք մի շատ կարևոր նախագիծ, և ուրախ եմ, որ այսպիսի նախագծերը Հայաստանում այլևս եզակի չեն։ Մենք ամեն անգամ փորձում ենք այսպիսի նախագծերով ավելի ու ավելի շատ մարդու համար հնարավորություն ստեղծել, ճանապարհ բացել դեպի լավ կյանք։ Այս նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է և շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք կառուցում են այս ճանապարհը և շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք ոտք են դնելու այս ճանապարհին»,– ընդգծեց Փաշինյանը։