Վերջին ութ տարիների կառավարումը ցույց տվեց, որ երկիրը գնում է հետընթացի, յուրաքանչյուր ոլորտում ձախողում է՝ սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած արտաքին և տնտեսական ոլորտներով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի վագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։
«Հետևաբար յուրաքանչյուր իրեն հայ համարող մարդ պետք է գիտակցաբար մոտենա և փորձի այս ընտրություններով, իր քվեով որոշում կայացնել, որ հերիք է հետընթացը, վերջ ենք դնելու դրան և փորձելու ենք առաջ շարժվել։ Այս առումով «Հայաստան» դաշինքի առավելությունները շատ են, քանզի դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին ցույց է տվել, որ յուրաքանչյուր ոլորտում ունեցել է առաջընթաց։
Նույն մեր աղետի գոտում ամենամեծ շինարարական թափը ստացավ 2000-ականների սկզբին, իսկ վերջին ութ տարիներին տեսանք, որ անգամ կամք չդրսևորվեց, որ տնակներում բնակվող մարդկանց կարողանան բնակարաններով ապահովել։ Այսինքն այն թափը, որ սկսվեց 2000-ականներին, եթե դրա 1%-ի չափ այս վերջին ութ տարիներին ջանք գործադրվեր, անպայման այսօր Գյումրին կազատվեր տնակներից»,– ընդգծեց նա։











