Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում, բավականին երկար ժամանակ բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան, և կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, Լեհաստանում, այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ինձ համար, պարոն Տոսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ ձեր կողմից և նման ջերմ ընդունելության արժանանալ ձեր կողմից։

Այսօր մենք հանդիպում ենք ձեզ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում ձեր գործունեությունը ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնում։ Հայաստանը միշտ զգացել է ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։ Նաև իմ անձնական փորձը այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաև այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում ԵՄ շրջանակներում։ Մենք այդ աջակցությունը զգացել ենք»,–ասաց նա։

Փաշինյանը կարևորեց Լեհաստանի վարչապետի գնահատականները նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված ԵՄ անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի վերաբերյալ։

«Այն քաջալերող խոսքերը, որ դուք ասեցիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։

Ես չեմ թաքցնի և դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են, իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, կասկածներ, մեղադրանքներ և և մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր։ Ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը։

Ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ, շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։

Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և պիտի արձանագրեմ որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և իհարկե խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ երբ նոր էր Հայաստանը հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը և ինքը ՀՀ ԱԺ–ում ներկայացնում էր խաղաղության գործընթացի մասին իր տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկը արձագանքել է, թե «Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք թե Եվրոպայի մասին եք խոսում»։

«Իմ արձագանքը հետևյալն էր. ես ասեցի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք, արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել է այն համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունը իսկապես ամենակարևորն է։

Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության, ժողովրդավարության, և ազատության անայլընտրանք լինելը։

Ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է և ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի է։

Մեծ հաճույքով ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթաժողովին»,– ընդգծեց նա։