Այսօր մենք տեսնում ենք կրթական համակարգ, որը լի է բարեփոխումների մասին ելույթներով, բայց իրականում ներսից քայքայվում է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանը։
«Հանրակրթության արդյունավետ զարգացման, կրթության հասանելության, ընդլայնման և որակի բարձրացման այս արտահայտության շղարշի ներքո մեր բոլոր մարզերում, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող գյուղերում փակվում են դպրոցներ։ Օրինակ, Սյունիքում փակվում է 50 դպրոց, Շիրակում՝ 48 դպրոց, Լոռիում՝ 47 դպրոց և այդպես շարունակ։ Սյունիքում Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցը, որտեղ կրթություն է ստացել Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը, փակվող դպրոցների ցուցակում է։ Այս դպրոցի սաները պետք է հաճախեն Արծվանիկի միջնակարգ դպրոց։ Շատերը որոշել են ընտանիքներով տեղափոխվել Կապան, քանի որ այնտեղից մատչելի է ճանապարհը։ Սա ուղղակիորեն բնակավայրերի դատարկում է։ Դպրոց փակել է, նշանակում է գյուղը դատարկել, գյուղը դատարկել՝ նշանակում է մեր սահմանները թույլացնել։
Ավագ դպրոցը չի կայացել, որը դարձել է մի միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել։ Եթե մենք ձախողում ենք դպրոցում, մենք ձախողելու ենք բոլոր պետական համակարգերում։ Մենք պետք է դադարենք դպրոցը դիտարկել որպես աշակերտին փողոցից կտրելու միջոց։
Ո՞րն է մեր լուծումը՝ 11 + 1 ճկուն մոդելը։ Ինը տարի հիմնական կրթությունը պարտադիր, երկու տարի ավագ դպրոցը նույնպես պարտադիր, isk այ գումարած մեկ տարին հնարավորություն է տրվում ընտրել։ Ավագ դպրոցում սովորողը կարող է կուտակել բուհական կրեդիտներ, որոնք կնպաստեն բուհին անմիջապես ինտեգրվելուն, կամ նա կարող է ընտրել մեկ այլ տարբերակ՝ ընտրել միջին մասնագիտական որևէ կողմնորոշում։ Աս մեթոդը մեր երիտասարդներին հնարավորություն է ունենալու շատ արագ աշխատաշուկա մտնել, այսինքն հեշտությամբ ձեռք բերել աշխատանք»,–ասաց նա։
Անդրադառնալով ուսուցիչներին, Լալա Աբգարյանն ասաց. «Այսօր շուրջ 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը, որի համար պահանջվել է հինգ տարի։ Դա կազմում է ուսուցիչների մոտ մեկ երրորդը։ Ուսուցչի մեկ դրույք աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ, ինչը երկու անգամ ցածր է երկրի միջին աշխատավարձից։
Ի՞նչ է առաջարկում «Միասնության թևերը». սկսենք նրանից, որ կրթության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ–ի առնվազն 5%-ին։ Կընդլայնվեն ուսուցչի պատրաստման և մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հավելյալ մասնագիտական աջակցություն կստանան, նրանք համակարգից դուրս չեն մնալու։
Գյուղական համայնքում աշխատող ուսուցիչների համար պետք է լինեն արտոնյալ կամ 0%-ով սպառողական ու հիփոթեքային վարկեր, երիտասարդ ուսուցիչների համար մեկնարկել ֆինանսական աջակցություն, հինգ տարի և ավել աշխատելուց հետո համայնքում տնամերձ հողամասի տրամադրում կամ միանվագ ֆինանսական աջակցություն, արական սեռի մանկավարժների վերադարձը դպրոց։ Այո աշակերտները պետք է դպրոցում տեսնեն նաև տղամարդ ուսուցիչ, հետեևաբար, «գյուղական ուսուցիչ» ծրագրի վերադարձ։Այսինքն բուհը ավարտելուց հետո երիտասարդ տղաները հնարավորություն կունենան աշխատել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներում, պետությունը դրա դիմաց կտրամադրի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություն»։
Ինչ վերաբերում է բուհերին, Աբգարյանն ասաց, որ բուհերը պետք է ունենան իրական ինքնավարություն և ակադեմիական ազատություն. «Բուհերի իմաստավորված խոշորացման արդյունքում մենք ունենալու ենք երեք խոշոր կենտրոններ։ Երևանը, որպես ազգային գիտական կառավարման կենտրոն, հյուսիսում Գյումրին՝ կրթական և տեխնոլոգիական կենտրոն, հարավում՝ Գորիս և Կապան ռազմավարական կրթական հենակետեր։
Պետական բուհերում մանկավարժական, գյուղատնտեսական, բնագիտական, ռազմավարական նշանակություն ունեցող մանասնագիտությունները լինելու են լիովին անվճար։











