Մարտիրոս Սարյանի ծննդյան օրը՝ փետրվարի 28–ին, Նկարիչների միության նույնանուն ցուցասրահում մեկնարկեց մի բացառիկ նախաձեռնություն, որտեղ գույնը դարձել է լեզու, իսկ կտավը՝ օգնության ձեռք։ «ԲարիԱրտ» նախաձեռնության առաջին բարեգործական ցուցահանդես-վաճառքը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի, Վրաստանի և Եվրոպայի 50 հանրահայտ արվեստագետների, ինչպես նաև դասականների շուրջ 100 ինքնատիպ ստեղծագործություններ։

Այս նախաձեռնության հեղինակը Yerevan Generation Rotary ակումբն է, որն իրականացնում է «Antikian Gallery» հետ համատեղ։ Ցուցահանդեսի նպատակը բարեգործական է։ Վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Կոշ գյուղում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ներառական խաղահրապարակի կառուցմանը։ Սա կլինի առաջին նմանօրինակ հարթակը մեր երկրում, որը հնարավորություն կտա ֆիզիկական խնդիրներ ունեցող փոքրիկներին զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ։

Միջոցառման բացմանը Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց, որ այս համախմբումը յուրօրինակ վկայություն է այն բանի, որ նույնիսկ աշխարհի համար այս խառը ժամանակներում արվեստագետը մնում է երեխայի ու բարության կողքին։

Աշոտ Լյուդվիկի Միքայելյանը՝ «Yerevan Generation Rotary» ակումբի նախագահ և հայտնի պլաստիկ վիրաբույժ, իր խոսքում ընդգծեց արվեստի բուժիչ զորությունը. «Այս երեկոյի առանցքում արվեստն է ոչ միայն որպես գեղարվեստական արժեք, այլ որպես բուժող ուժ։ Արվեստի միջոցով մարդը կարողանում է արտահայտել այն, ինչ խոսքը հաճախ ի զորու չէ արտահայտել։ Այն ապրեցնում է, հույս տալիս, ջերմացնում։ Այս ցուցահանդեսը կազմակերպվել է հավատով, որ գթասրտությունը կարող է հրաշք գործել, երբ արվեստի հետ միակամ է։ Ըեռեվան Generation Rotary ակումբի համար «Ծառայություն վեր անձնականից» կարգախոսը հնչում է այսօր գույնի լեզվով։ Դուք բոլորդ այդ ծառայության մի մասնիկն եք»։

Արվեստաբան, «Antikian Gallery» հիմնադիր տնօրեն Արմինե Անտիկյանը, ներկայացնելով ցուցադրված բարձրարժեք գործերը, հիշեցրեց, որ արվեստում արված ներդրումը ժամանակի մեջ ամենաշահավետն է, սակայն այս դեպքում այն նաև մնայուն հետք է թողնում մարդկային ճակատագրերում.

«Համալրեք ձեր կոլեկցիան, գեղեցկացրեք ձեր ամենօրյա միջավայրը լավ արվեստով, նաև օգնեք խոցելի այդ խավին ուրախություն պարգևելով։ Բարությունը նույնպես արվեստ է։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում կդառնա հույսի և լույսի խորհրդանիշ»։

Միջոցառմանը ներկա էր նաև Rotary International District 2452-ի ղեկավար Փիթեր Աշջյանը նույնպես կարևոր համարեց բարություն կատարելը հատկապես արվեստագետների միջոցով։ «Արվեստն ինքնին ունի բուժիչ հատկություն։ Չկա ավելի ազնիվ բան, քան արվեստագետի աջակցությունը կարիքավոր երեխային։ Այն ժպիտը, որը կհայտնվի երեխայի դեմքին այգում խաղալիս՝ մեր ամենամեծ պարգևն է»,– նշեց Փիթեր Աշջյանը։

Ցուցահանդեսից գնված յուրաքանչյուր կտավ երկակի արժեք ունի. այն զարդարում է գնորդի միջավայրը բացառիկ արվեստով և միաժամանակ դառնում իրական ներդրում կարևոր սոցիալական նախագծում։ Իսահակյանական «Որ չգա ոգու սով» խորագիրը կրող այս ցուցահանդես–վաճառքը կշարունակվի մինչև մարտի 5-ը։ Դուք նույնպես կարող եք դառնալ այս բարի պատմության մի մասնիկը՝ այցելելով Նկարիչների միություն և ընտրելով Ձեզ դուր եկած բարձրարժեք ստեղծագործությունը։