Թաիլանդի իշխանությունները դիմել են Իրանին` խնդրելով բացատրել, թե ինչ էին անում իրենց երկրում երեք իրանցիները, որոնց բնակարաններում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր այն բանից հետո, երբ նրանցից մեկը պայթել է սեփական ռումբի վրա եւ կորցրել ոտքը:
Թաիլանդական ոստիկանության գեներալ Փանսիրի Պրապավատն ասել է, որ իրավապահ մարմինները դեռեւս չեն պարզել թե կոնկրետ ինչ օբյեկտներ են ցանկացել պայթեցնել մեղադրյալները:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բանգկոկում պայթյունների շարք է տեղի ունեցել: Նրանցից մեկի արդյունքում մի իրանցի ծանր վիրավորվել է, նա ուսապարկում տանելիս է եղել պայթուցիկը, եւ եւս 4 մարդ վիրավորվել են: Ըստ որոշ տվյալների` նա ռումբը նետել է ոստիկանների կողմը, սակայն այն կպել է ծառին եւ հատ ընկել նրա ոտքի տակ: Մյուս պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ երեք իրանցիներ են ապրել:
Վիրավորվածի մոտ հայտնաբերել են իրանական, ամերիկյան եւ թաիլանդական թղթադրամներ, ինչպես նաեւ Սաիդ Մորադիի անունով փաստաթղթեր:
Վիրավոր իրանցին հիվանդանոց է տեղափոխվել: Որոշ ժամանակ անց Բանգկոկի օդանավակայանում ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, որը փորձել է ուղեւորվել դեպի Մալազիա:
Ոստիկանները շարունակում են փնտրել երրորդ կասկածյալին, գրում է «Նովի ռեգիոնը»:











