ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրառում է կատարել Իրանի դեսպանատանն այսօր բացված սգո մատյանում։
«Հարևան և բարեկամ Իրանում այս պատերազմական վիճակը վտանգավոր է նաև Հյաստանի համար՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական առումով։ Մեր ցավակցությունն ենք հայտնել և հույս հայտնել, որ որքան հնարավոր է շուտ իրավիճակը կկայունանա»,–լրագրողների հարցերին ի պատասխան նշել է Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շահագրգիռ երկիր է, և քանիցս հայտնել է իր հստակ դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
«Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունն ու կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է։ ՀՀ իշխանությունն ինչպես միշտ իր տեղում չէ և իրավիճակն ադեկվատ չէ գնահատում։ Երեկ Հայաստանի, այսպես կոչված, վարչապետը Վրաստանում թմբուկ էր խփում։ Նույնիսկ կենցաղային մակարդակում, երբ հարևանիդ հետ դժբախտություն է պատահում, ողբերգություն է լինում, զոհեր են լինում, տանը բարձր երաժշտություն չես միացնում։ Ոչ մի իրավիճակում ադեկվատ չեն»,–նշել է նա։
Նշենք, որ այսօր Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ Գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման այլ զոհերի, այդ թվում՝ ավելի քան 170 երեխաների և ուսուցիչնեի մահվան կապակցությամբ:











