Այսօր Սերժ Սարգսյանի պրոտեժեն հրատապ ասուլիս է հրավիրել անվտանգության հարցերով, որտեղ մեր նորալուկ ռազմական փորձագետը Google քարտեզների միջոցով ցուցադրում է Գեղարքունիքում սահմանային իրավիճակը, և քանի որ այդ ասուլիսը իմ ընտանիքի անդամներից բացի այլ ոչ ոք չէր նայում, որոշեցին ասուլիսին մասնակից լրագրողներին գործուղել Ազգային ժողով։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրաառնալով այսօր «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ասուլիսին։
«Մի հարայ հուրույ, հնարավոր բոլոր պատգամավորներին մոտեցել են և հարց են ուղղել՝ արդյո՞ք դուք տեղյակ էիք, որ 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանը առաջխաղացում է ունեցել դիրքերում Գեղարքունիքի մարզում, և դուք լռել եք, դուք ստել եք, չեք ասել հանրությանը, թաքցրել եք հանրությունից։
Վերնագրերը իրար հերթ չտալով գրում են՝ Սոթքը այսուհետ նշանառության տակ է, Կութը նշանառության տակ է»,–ասաց նա՝ խնդրելով ՊՆ նախարար Սուեն Պապիկյանին մեկնաբանել այդ լուրերը։
Ի պատասխան Պապիկյանն կարճ ասաց. «Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա սիրելի հայրենակիցներ»։
Լիլիթ Մինասյանը շարունակեց. «Դա ակնհայտ էր, որովհետև սույն անձը մոլեռանդ պայքար է մղում խաղաղության դեմ, դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո, մի քանի օր անց հայտարարություն էր տարածել, որ 100 000 ադրբեջանցի պետական մասշտաբով ստանում են վկայականներ «արևմտյան Ադրբեջան» վերնագրով։ Մեր հետաքննող լրագրողները մի քանի անգամ հերքել են այդ լուրը, և այս լուրերը հերթական են։ Ուղղակի մարդը չգիտի ինչպես ուշադրություն գրավի իր վրա։ Կան նաև այլ լրագրողներ, որոնք արդեն հերքել են այս միտքը։ Բայց մի առաջարկ ունեմ այս կոնտեքստում, քանի որ այս հիբրիդային հարձակումները և խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են այս ընթացքում, նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, ր եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, որոնք կշարունակեն այդ լուրերը տարածել»։
Պապիկյանն արձագանքեց, որ դեմ չէ քննարկել այդ հարցը. «Ես համաձայն եմ պատգամավորի առաջարկի հետ, բայց առիթից օգտվելով մի բան ասեմ. «ՀՀ–ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել։ Իրենք մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են, կապ չունի անունը ինչ կլինի։ Այս բոլորը մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի Հանրապետության խաղաղության հասնելու ճանապարհը, ուրիշ անելիք չունեն։
Քանի որ իրենք ուզում են անընդհատ խոսվի մահվան մասին ու քանի որ դա կապվում է զինվորի հետ, դա ավելի ցավագին է ընդունում մեր հասարակությունը, նրանք առիթը բաց չեն թողնում սա կրկին անգամ բարձրաձայնելու, ցավեցնելու։
2025 թվականի ծառայության հետ կապված վեց մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը ինքնասպանության, երկուսը առողջական խնդիրներով»։











