Իշխանությունները խաբում են, վախեցնում են անընդհատ մեր ժողովրդին նոր պատերազմով, որ եթե գան նախկինները պատերազմ կլինի, որ նախկինները ռևանշիստներ են, այո, ես ռևանշիստ եմ, մենք չենք կարող Արցախը համարել ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանը։

«Նիկոլին ու ՔՊ–ին հեռացնելուց հետո մենք հզորացնելու ենք մեր բանակը, կարգավորելու ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ և նրանց օգնությամբ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները։

Ինչ վերաբերում է ԵԿՄ–ի այսօրվա գործունեությանը, ես Երկրապահի շարքային անդամ եմ, բայց նրանց որևէ միջոցառումների չեմ մասնակցում, որովհետև Երկրապահի վերնախավը՝ Սասունի գլխավորությամբ այս պարտվողական, դավաճան իշխանության հետ է»,–ասաց նա։

Բազեյանը նկատեց, որ մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի բանակն է և կրճատելով պարտադիր զինծառայության ժամկետը նրանք կրճատում են բանակի քանակը. «Մենք գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում՝ Ադրբեջան և Թուրքիա։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, բացի այդ, տարին մի քանի անգամ տալիս են նաև նրանց պարգևավճարներ, որպեսզի ծառայեն այս ապազգային թրքամետ իշխանությանը»։